• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանին

14 հոկտեմբերի, 2026

2026 թվականի սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 7-ը Ժնևում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 63-րդ նստաշրջանը։

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է եղել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող թեմատիկ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ՄԻԽ հատուկ ընթացակարգերի մանդատակիրների զեկույցների քննարկումները, ինչպես նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակների դիտարկումը։

ՀՀ պատվիրակությունը ՄԻԽ 63-րդ նստաշրջանի ընթացքում հանդես է եկել 31 ելույթով և միացել շուրջ 10 համատեղ հայտարարության։

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում գերության մեջ պահվող 19 հայերի ազատ արձակման հրամայականին՝ ընդգծելով դրա հումանիտար նշանակությունը խաղաղության ամրապնդման, փոխադարձ վստահության ձևավորման և հաշտեցման գործընթացին նպաստելու տեսանկյունից։ Շեշտվել է նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, ինչպես նաև հակամարտությունից տուժած տարածքներում մշակութային և կրոնական ժառանգությունը պաշտպանելու ու պահպանելու կարևորությունը։

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել մի շարք թեմատիկ ելույթներով՝ անդրադառնալով ժողովրդավարական բարեփոխումներին, կրթության իրավունքին, գենդերային հավասարությանը, սոցիալական պաշտպանությանը, ինչպես նաև մարդու իրավունքների օրակարգի այլ հարցերի։

ՄԻԽ 63-րդ նստաշրջանի արդյունքներով ընդունվել է շուրջ 40 բանաձև, այդ թվում՝ Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևը, որը համատեղ ներկայացվել էր միջտարածաշրջանային հիմնական խմբի՝ Հայաստանի, Էստոնիայի, Ղազախստանի, Ռուանդայի, Սենեգալի, Շվեդիայի և Ուրուգվայի կողմից։ Բանաձևն անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանության և խթանման տեսանկյունից թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին և դրանց հետ կապված մարտահրավերներին։ Այն կարևորում է կանանց և աղջիկների համար թվային տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնումը, թվային հմտությունների զարգացումը և նրանց լիարժեք ու հավասար մասնակցությունը տեխնոլոգիաների գործընթացներին՝ միաժամանակ անդրադառնալով թվային միջավայրում գենդերային խտրականության, բռնության և ալգորիթմական կողմնակալության ռիսկերին։

Հայաստանը նաև հանդես է եկել որպես մի շարք այլ բանաձևերի համահեղինակ, այդ թվում՝ հարկադիր կամ ոչ կամավոր անհետացումների հարցերով աշխատանքային խմբի, ինչպես նաև ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի մանդատների երկարաձգման, մարդու իրավունքների ազգային հաստատությունների, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության գործում լավ կառավարման դերի, ինչպես նաև երիտասարդության իրավունքների վերաբերյալ բանաձևերի։

Նստաշրջանի ըթացքում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել են մի շարք հարակից միջոցառումներո, որոնցից յուրաքանչյուրին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մշտական ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի (OHCHR) հետ համատեղ կազմակերպվել է «Մարդու իրավունքները Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում (COP17)» խորագրով հարակից միջոցառումը։ Քննարկումը նվիրված էր Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում մարդու իրավունքների դերին, ինչպես նաև Հայաստանի նախագահությամբ կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական գործընթացին։

ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի հետ համատեղ, Ֆրանսիայի և Բուլղարիայի մշտական ներկայացուցչությունների ու Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպվել է «Կրթություն հանուն խաղաղության» խորագրով բարձրաստիճան պանելային քննարկումը։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել 2026 թվականի հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից կոնսենսուսով ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևին և դրա իրականացման հեռանկարներին։

Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ համակազմակերպվել է «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը. Մարդու իրավունքների խորհրդի գործունեության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ջանքերի միջև արդյունավետ կապերի ձևավորումը» խորագրով հարակից միջոցառումը։ Քննարկման առանցքում են եղել ՄԻԽ մեխանիզմների և գործիքակազմի դերը զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերի միջև փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները։

ՄԻԽ հաջորդ՝ 64-րդ նստաշրջանը տեղի կունենա 2027 թվականի փետրվարի 22-ից ապրիլի 2-ը Ժնևում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: