• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Ռենե Կասենի հիշատակին նվիրված՝ մարդու իրավունքների հարցերով կլոր սեղան-քննարկմանը

25 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը որպես բանախոս մասնակցել է մարդու իրավունքների միջազգային համակարգի թեմայով կլոր սեղան-քննարկմանը` «Համընդհանուր իրավունքները՝ խաչմերուկում» խորագրով։ Միջոցառումը նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի գլխավոր հեղինակներից մեկի՝ Ռենե Կասենի մահվան 50-րդ տարելիցին։

Միջոցառումը համատեղ կազմակերպվել էր ՄԱԿ-ի հարցերով ֆրանսիական ասոցիացիայի (AFNU), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ռենե Կասենի հիմնադրամի՝ Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի կողմից։ Քննարկումների առանցքում էին Մարդու իրավունքների խորհրդի հիմնադրումից քսան տարի անց մարդու իրավունքների միջազգային համակարգի զարգացման միտումներն ու հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ի հայտ եկող նոր մարտահրավերների, ինչպես նաև ինստիտուցիոնալ և ֆինանսական սահմանափակումների պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների արդյունավետության և շարունակականության ապահովման հարցերին։

Բացման խոսքով հանդես են եկել Ժնևում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Սելին Յուրգենսենը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի՝ Մարդու իրավունքների խորհրդի և պայմանագրային մեխանիզմների հարցերով ստորաբաժանման ղեկավար Մահաման Սիսե-Գուրոն և ՄԱԿ-ի հարցերով ֆրանսիական ասոցիացիայի փոխնախագահ, Ռենե Կասենի հիմնադրամի նախագահ, պրոֆեսոր Էմանուել Դեկոն։

Իր բանախոսության ընթացքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ կարողությունների կարևորությանը։ Այդ համատեքստում ներկայացվել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ազգային մեխանիզմի ձևավորման և դրա շրջանակներում գործող մոնիթորինգային թվային հարթակի մշակման Հայաստանի փորձը։ Ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր և տարածաշրջանային համակարգերի փոխլրացնող բնույթը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համապատասխան մեխանիզմներից ստացված հանձնարարականները միասնական թվային հարթակում համախմբելու Հայաստանի փորձը, ինչպես նաև ինստիտուցիոնալ նորարարությունների խթանման գործում միջտարածաշրջանային համագործակցության առավելությունները։

Դեսպան Տոլմաջյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև այն ռիսկերին և վտանգներին, որոնք կարող են առաջանալ ֆինանսական սահմանափակումների պայմաններում մարդու իրավունքների ոլորտում ի հայտ եկող նոր մարտահրավերների, այդ թվում՝ արհեստական բանականության արագ զարգացմամբ պայմանավորված խնդիրների՝ միջազգային մեխանիզմների կողմից բավարար ուշադրության չարժանանալու հետևանքով։ ՀՀ դեսպանի կողմից ընդգծվել է, որ ֆինանսական կայունությունը չպետք է ինքնանպատակ լինի, այլ պետք է ծառայի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության ապահովմանը։ Կարևորվել է նաև մարդու իրավունքների միջազգային համակարգի կանխարգելիչ ներուժի իրացման գործում Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի տեխնիկական համագործակցության և խորհրդատվական աջակցության դերակատարությունը՝ ընդգծելով ազգային կառույցների հետ փոխադարձ վստահության և ազգային ու տարածաշրջանային առանձնահատկությունների ընկալման վրա հիմնված համագործակցության նշանակությունը։

Միջոցառման շրջանակներում բանախոսություններով են հանդես եկել նաև Մարդու իրավունքների խորհրդի նախկին քարտուղար Էրիկ Տիստունեն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահ, Մարդու իրավունքների խորհրդի նախկին նախագահ, դեսպան Յուրգ Լաուբերը, Մարոկկոյի Թագավորության մշտական ներկայացուցիչ, դեսպան Օմար Զնիբերը, Ժնևի համալսարանի պրոֆեսոր Լորանս Բուասոն դը Շազուրնը, Ժնևի մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Ֆելիքս Կիրխմայերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: