• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ Ժնևում

24 ապրիլի, 2026

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները Ժնևում մեկնարկեցին ապրիլի 24-ի նախօրեին՝ Թրամբլեյ զբոսայգում, «Հիշողության լապտերներ» հուշարձանի առջև կազմակերպված երիտասարդական հավաքով։

Միջոցառումն անցկացվեց Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի և Ժնևի քաղաքապետի մասնակցությամբ՝ համախմբելով շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների, երիտասարդների և բազմաթիվ հյուրերի՝ խոնարհվելու ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին, վերահաստատելու հիշողության տուրքի, արդարության, մարդկային արժանապատվության և հանդեպ իրենց հանձնառությունը, ինչպես նաև ընդգծելու մարդկության դեմ ոճրի կրկնությունը կանխարգելելու նպատակով միջազգային հանրության ջանքերի համախմբման կարևորությունը։

Տարբեր սերունդների ներկայացուցիչների միավորող այս անդրանիկ միջոցառումը կազմակերպվել էր Ժնևի հայ երիտասարդության նախաձեռնությամբ՝ Շվեյցարիայի հայկական և հայասեր միությունների խորհրդի հովանու ներքո։

Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթներով հանդես եկան Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ժնևի քաղաքապետ Ալֆոնսո Գոմեսը, Շվեյցարիայի հայկական և հայասեր միությունների խորհրդի անդամ Լեռնա Բագջյանը, ինչպես նաև շվեյցարահայ երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը նշեց, որ «Հիշողության լապտերները» միայն անցյալի ոգեկոչման վայր չեն, այլև արժանապատվության, զգոնության և ապագային միտված պատասխանատվության կոչ։ Նա ընդգծեց, որ ցեղասպանությունից 111 տարի անց հայ ժողովրդի վերածնման հրաշքի առհավատչյան Հայաստանի Հանրապետությունն է՝ համայն հայության հայրենիքը, հայոց լեզվի, մշակույթի և ազգային հիշողության պահպանման ու շարունակականության գլխավոր հենարանն ու ապագայի ուղենիշը։

Դեսպանն իր խոսքում հիշատակեց նաև Շառլ Ազնավուրին, ում անունն անքակտելիորեն կապված է 2018 թվականի ապրիլին բացված հուշարձանի պատմության և խորհրդանշական նշանակության հետ։

Պաշտոնական հատվածին հաջորդեց մշակութային մասը, որի ընթացքում «Գամար» ազգագրական համույթը ներկայացրեց հայկական երաժշտական կատարումներ, ասմունք և ավանդական պարեր՝ միջոցառմանը հաղորդելով ազգային մշակույթով հագեցած յուրահատուկ շունչ և հոգևոր լիցք։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված էին փաստագրական նյութեր՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին տեղեկանալու Մեծ Եղեռնի պատմական փաստերին և համատեքստին։

Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցի կապակցությամբ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի հանդիսապետությամբ մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Միջոցառումը շարունակվեց եկեղեցու մերձավորությամբ գտնվող Հայաստանի հրապարակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար հուշարձանի մոտ, որտեղ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։

Հիշատակի միջոցառմանը ներկա էր և ելույթով հանդես եկավ նաև Ժնևի Տրուանե համայնքի քաղաքապետ Գի Լավորելը։ Արարողությանը հաջորդել են երաժշտական կատարումներ, որի ընթացքում հնչել են Կոմիտաս վարդապետի անմահ ստեղծագործությունները:

Միջոցառումների շարքը շարունակվել է ապրիլի 27-ին՝ Ժնևի քաղաքապետարանի պատմական Էյնար պալատում՝ Ժնևի քաղաքապետարանի և Շվեյցարիայի հայկական և հայասեր միությունների խորհրդի (CAAS) համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությամբ։ Ելույթներով հանդես են եկել Ժնևի քաղաքապետ Ալֆոնսո Գոմեսը, Ժնև կանտոնի և հանրապետության պետական խորհրդական Նիկոլա Վալդերը, CAAS-ի նախագահ Սարգիս Շահինյանը, Շվեյցարահայերի միության նախագահ Պյեռ Էնքսեզյանը և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Համբարձում Մինասյանը։

Միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի և Ժնև քաղաքի դաշնային, կանտոնալ և քաղաքային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։ Արարողությունն ուղեկցվել է հայ հոգևոր երաժշտության կատարումներով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: