• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հոկտեմբերի 14-ին Ժնևում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին

14 հոկտեմբերի, 2025

Միջոցառման բացման խոսքում Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպան, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը շեշտեց, որ 1991 թվականին Հայաստանի անկախության վերականգնումը դարձավ հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կառուցելու դարավոր երազանքի իրականացումը։

 

Դեսպանը բարձր գնահատեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված ամուր բարեկամությունը՝ հիմնված պատմական կապերի, համընդհանուր արժեքների և փոխադարձ համերաշխության վրա։ Այս համատեքստում նա հիշատակեց 1895–1896 թվականներին Շվեյցարիայում, ի համերաշխություն հայ ժողովրդի սկիզբ առած բացառիկ շարժումը և շուրջ 500,000 քաղաքացիների կողմից ստորագրված խնդրագիրը, որով կոչ էր արվում Շվեյցարիայի կառավարությանը ջանքեր գործադրել հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ջարդերը դադարեցնելու համար։ 

 

Դեսպանը նաև ընդգծեց Հայաստանի և Ժնևի միջև ձևավորված պատմական ու մշակութային կապերը՝ նշելով, որ Ժնևը ոչ միայն միջազգային դիվանագիտության կենտրոն է, այլև քաղաք, որի հետ Հայաստանը կիսում է երկարամյա բարեկամության պատմություն, ինչի վառ վկայությունն է Ժնևում գործունեություն ծավալած նշանավոր հումանիստներ Գուստավ Ադորի, Էդուարդ Նավիլի, Լեոպոլդ Ֆավրի և Անտոնի Կրաֆտ-Բոնարի աջակցությունը հայ ժողովրդին 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին։ 

 

Դեսպանն անդրադարձավ նաև վերջին տարիներին Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած դժվարին փորձություններին, այդ թվում՝ Հայաստանում ապաստան գտած 120 հազար փախստականների խնդիրներին, ինչպես նաև մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցին։ 

 

Իր խոսքում դեսպանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում տևական և արդարացի խաղաղության հաստատման հարցում՝ կարևորելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունները։

 

Շարունակելով դեսպանը շեշտեց Հայաստանի հավատարմությունը բազմակողմ դիվանագիտությանը՝ ընդգծելով, որ մեր երկիրը մշտապես առաջատար դիրքերում է եղել միջազգային օրակարգի այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսիք են ցեղասպանությունների կանխարգելումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը, գենդերային հավասարության խթանումը, խտրականության դեմ պայքարը, կրթության իրավունքի պաշտպանությունը, թվային տեխնոլոգիաների հավասար հասանելիության ապահովումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և այլն։ Նշվածի ամենաթարմ վկայությունն է 2026թ․-ին Հայաստանի կողմից համաշխարհային նշանակության միջոցառման՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալման մասին որոշումը։ 

 

Երեկոյին ելույթով հանդես եկավ նաև Ժնևի քաղաքապետ Ալֆոնսո Գոմեսը։ Նա շեշտեց հայ համայնքի և Ժնև քաղաքի միջև ձևավորված ամուր կապերը, որոնք հատկապես ամրապնդվել են 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո, երբ Ժնև քաղաքն ապաստան տվեց հազարավոր հայ փախստականների։ Նա հատուկ ընդգծեց նաև Ժնևի հայ համայնքի կարևոր դերակատարումը, որը դարձել է քաղաքի բազմամշակույթ հասարակության կարևոր, ստեղծագործ և աշխույժ բաղադրիչներից մեկը։

 

Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ քաղաքապետն իր համերաշխությունը հայտնեց 120 հազար տեղահանված հայ փախստականների հետ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ձգտումները վերջապես կպսակվեն հաջողությամբ, և տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն՝ հիմնված արդարության և անցյալի հանդեպ հարգանքի վրա։

 

Ի թիվս այլ հյուրերի, Հայաստանի ազգային տոնի ընդունելությանը մասնակցեցին Մարդու իրավունքների խորհրդի նախագահը, Ժնև կանտոնի նախագահը, Շվեյցարիայի դաշնային, կանտոնալ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

Միջոցառման ընթացքում սոպրանո Անի Թորոյանի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Շվեյցարիայի օրհներգերը, որին հաջորդեցին հայկական դասական ստեղծագործությունների կատարումներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: