• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանին

16 հոկտեմբերի, 2023
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2023թ-ի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 13-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 54-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային թեմաների շուրջ, ինչպիսիք են կամայական կալանավորման, բռնի անհետացումների, վարձկանների օգտագործման, ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների, ինչպես նաև անվտանգ խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ հարցերը: Նստաշրջանի ընթացքում տեղի ունեցան բնիկ ժողովուրդների և միակողմանի հարկադրանքի միջոցառումների վերաբերյալ պանելային քննարկումներ։ Քննարկումներ կայացան նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակների վերաբերյալ:

ՀՀ պատվիրակությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 44 հիմնական և պատասխան ելույթներով, ինչպես նաև միացավ 19 համատեղ հայտարարությունների։

ՀՀ մշտական ներկայացուցչությունը գրեթե բոլոր ՄԻԽ օրակարգի կետերի ներքո անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ ՀՀ ՄՆ ելույթներում հիմնականում բարձրացվեցին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի, ինչպես նաև ԼՂ հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ հարցերը։ ՀՀ պատվիրակության կողմից մանրամասն անդրադարձներ կատարվեցին նաև  ս.թ. սեպտեմբերի 19-ին ԼՂ նկատմամբ Ադրբեջանի  ռազմական հարձակման, 100 հազարից ավել ԼՂ հայերի բռնի տեղահանման և ԼՂ բնակավայրերի և բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախովորման հարցերին։ Բազմիցս շեշտվեց, որ Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հստակ հարցադրումները։

ՄԻԽ 54-րդ նստաշրջանի օրակարգի 2-րդ և  4-րդ կետերի  ներքո մի շարք երկրներ անդրադարձան ԼՂ-ում ստեղծված իրավիճակին։ Օրակարգի 2-րդ  կետի ներքո ԵՄ բոլոր անդամ երկրները, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Մոլդովան և Լիխտենշտեյնը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, իսկ Հունաստանը և Համաշխարհային Ավետարանչական դաշինքն՝ առանձին ելույթներով՝ իրենց մտահոգությունն արտահայտելով Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ և կոչ արեցին Ադրբեջանին երաշխավորելու միջանցքի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը։ ՄԻԽ օրակարգի 4-րդ կետի ներքո Կիպրոսը, Ֆրանսիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Էստոնիան, Իռլանդիան և Նիդեռլանդները անդրադարձան Ադրբեջանի հարձակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին։ Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները և Կիպրոսը  նաև դատապարտեցին ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ռազմական հարձակումը։

Օրակարգի  10-րդ  կետի  ներքո 40 երկրներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ  խորը մտահոգություն  հայտնեցին Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։ Ընդգծվում  էր ԼՂ-ում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների շուրջ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության իրականացնման անհրաժեշտության մասին։ Համատեղ հայտարարությունն ընթերցվել է  ՄԱԿ-ի  Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։

ՄԻԽ 54-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ նաև ՄԱԿ-ի Վարձկանների հարցերով աշխատանքային խմբի Հայաստան այցի վերաբերյալ զեկույցի ներկայացումը, որին հաջորդեց ինտերակտիվ երկխոսություն։ Աշխատանքային խումբն ընդգծեց,  որ Հայաստանն իրականացնում է  հնարավորը Վարձկանների հարցերով  ՄԱԿ կոնվենցիայի դրույթները ՀՀ  օրենսդրության մեջ կիրարկելու ուղղությամբ։ ՀՀ Մշտական ներկայացուցչությունն իր ելույթում ընդգծեց, որ ԱԽ-ի զեկույցը  ամբողջովին հերքել է Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանը վարձկաններ է օգտագործել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համատեքստում։ ԱԽ զեկույցում անդրադարձ է նաև կատարվում ԼՂ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործմանը։

ՄԻԽ 54-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակեց մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների, տարեցների իրավունքների, բռնի անհետացումների, կրթության իրավունքի, վարձկանների օգտագործման, մահապատժի, մարդու իրավունքների ոլորտում տեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի մեխանիզների հետ համագործակցության վերաբերյալ բանաձևերը:

ՄԻԽ շրջանակներում Հայաստանը Արգենտինայի, Ֆիջիի, Նորվեգիայի, Պակիստանի և Հարավային Աֆրիկայի հետ միասին համահեղինակեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգերի ամրապնդման գործում Համընդհանուր պարբերական դիտարկման ներդրման վերաբերյալ հարակից միջոցառումը։

Հայաստանը նաև, որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ, շրջանառեց երեք հայտագիր: Դրանցից մեկն անդրադառնում էր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվան, մյուսը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային ու էթնիկ զտմանը, իսկ երրորդ հայտագիրը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։

ՄԻԽ հաջորդ՝ 55-րդ նստաշրջանը կմեկնարկի 2024թ-ի փերվարին:

ՄԻԽ նախորդ նստաշրջաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մանրամասներն, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթները հասանելի են հետևյալ հղումով՝ https://switzerland.mfa.am/en/news/:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: