• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքը Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 108-րդ տարելիցի հիշատակի արարողությանը

24 ապրիլի, 2023
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքը Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 108-րդ տարելիցի հիշատակի արարողությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ժնև, 24 ապրիլի, 2023 թ.

 

 

Հոգեշնո՛րհ Հայր Սուրբ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովրդի համար ապրիլի 24-ը անշուշտ ոգեկոչման օր է։ Այսօր մենք խնկարկում ենք մեկ ու կես միլիոն մեր անմեղ նահատակների հիշատակը, ովքեր զոհ գնացին Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Հայ ժողովուրդը սրբադասել է իր նահատակներին՝ դրանով ևս մեկ անգամ ի ցույց դնելով իր պաշտամունքը բոլոր նրանց հանդեպ ովքեր ընկան Մեծ Եղեռնի արհավիրքում։

Նրանք ընկան՝ մնալով հայ և մեզ ավանդելով պահել ու պաշտպանել մեր սիրելի Հայրենիքը, հավատարիմ մնալ մեր հազարամյա պատմությանը, մշակույթին, արժեքներին և ավանդույթներին։ Ուստի, ապրիլի 24-ը նաև մեր այս հանձնառության վերահաստատման օրն է, պարտավորություն որ մենք ազգովի ստանձնել ենք մեր սուրբ նահատակների առջև։

1915  թ.-ի սեպտեմբերին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն այստեղից՝ Ժնևից իր բողոքի ձայնն էր բարձրացնում՝ դատապարտելով, ինչպես նշված է արխիվային փաստաթղթում «հայ ժողովրդի հետևողական ու միտումնավոր ոչնչացումը»։ Ինչպես հայտնի է, գրեթե նույն ձևակարպումն են հայերի կոտորածների համար օգտագործել նաև շատ այլ ժամանակակիցներ, ինչպես օրինակ Օսմանյան Կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, որը դա անվանել է մի ողջ ժողովրդի սպանություն։ Հետագայում Միացյալ Թագավորության վարչապես Ուինսթոն Չերչիլն այն անվանել է Հոլոքոսթ։

Թեև իմաստով նույնն են, բայց այս ձևակերպումների տարբերությունը պատահական չէ։ Ցեղասպանություն եզրույթը չէր հայտնաբերվել և չէր օգտագործվում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ իրավաբան Ռաֆաել Լեմկինը այն դրեց շրջանառության մեջ, որպես օրինակ բերելով հենց Հայոց Մեծ Եղեռնը՝ մի ողջ ժողովրդի կոտորածը։    

Հիրավի, Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագրի կազմակերպիչներն ու իրականացնողները որոշել էին ի սպառ վերացնել հայ ժողովրդին։ Նրանց համար բավական չէին մեր հայրենազրկված հայրենակիցների տանջանքները ու սարսափները Միջագետքի անապատներում։ 1915  թ.-ի կեսերից արգելվեց նաև այն սահմանափակ աջակցությունը, որը հիմնականում օտարերկրացի մի խումբ նվիրյալներ տրամադրում էին փրկվածներին։

Դրանցից էր Բազել քաղաքից միսիոներուհի Բեաթրիս Ռոհները, որի խնամակալության տակ Հալեպում գտնվում էին հարյուրավոր որբեր։ Անդրադառնալով այդ օրերին նա գրում է, թե «ատելության ու կործանման Փարավոնը ամեն գնով չէր ուզում թույլ տալ, որ անգամ այս փոքրիկ մարդուկները մազապուրծ լինեն»։ «Այնուհետև խավարի վարագույրն իջավ երեխաների վրա և իմ վրա նույնպես», Բեաթրիս Ռոհները այսպես է նկարագրում իր զգացմունքները, երբ որբուկներին նստեցրեցին գնացքը, որն ուղղվելու էր դեպի անապատ։

Այսօր մենք ավանդաբար հարգանքի տուրք ենք մատուցում այն մեծ  մարդասերներին, ինչպես օրինակ շվեյցարացի միսիոներներ Բեաթրիս Ռոհներին, Յակոբ Կյունցլերին, Էնթոնի Քրաֆթ Բոնարին և այլոց, որոնք մեծ ջանքերի ու զրկանքների գնով, հաճախ սեփական կյանքը վտանգելով, մահվան ճիրաններից փրկել են հայ ժողովրդի մնացորդներին։ Այստեղ կարծում եմ բոլորին է հայտնի Ժնևից ոչ հեռու գտնվող Բենյենի մանկատան պատմությունը, որտեղ պատսպարվեցին և ապագայի հույս ստացան Եղեռնից փրկված բազմաթիվ հայ մանուկներ։ Յակոբ Կյունցլերի ջանքերով հազարավոր հայ որբեր փրկվեցին Միջագետքի անապատներում, իսկ Լիբանանում նրա հիմնած որբանոցում հավաքվեցին  1400 հայ որբեր, որոնք իր բարության համար նրան կոչում էին «պապա Կյունցլեր»։ Նաև այս մարդկանց շնորհիվ է, որ այսօր մենք կանք ու շարունակում ենք ապրել ու արարել, որպես հայ ժողովուրդ։

Հարգելի՛ Հայրենակիցներ,

Յակոբ Կյունցլերը ոչ միայն հայ ժողովրդի կոտորածների, այլ նաև Ուրֆայի հայերի 24-օրյա հերոսական ինքնապաշտպանության ականատեսն էր։ Դա հայկական ոգու, արիության, քաջության ու միասնական անկոտրում կամքի վառ դրսևորումներից մեկն էր։ Միայն կանոնավոր բանակի ստորաբաժանումները մեծ դժվարությամբ կարողացան ճնշել հայերի դիմադրությունը, իսկ թուրքական ուժերի հրամանատարն այդ առիթով ասել էր «ի՞նչ կլիներ մեր վիճակը եթե մեր դեմ մի քանի ուրֆաներ ծառանային»։

Սա ևս մեկ ակնառու վկայություն է, որ ազգային նպատակներին հետամուտ լինելու համար, անահրաժեշտ է ազգային համախմբում ու միասնական կամք։ Այսօր մեր ժողովուրդը կրկին կանգնած է գոյաբանական վտանգի առջև, հատկապես Արցախում, որի վրա կախված է էթնիկ զտման սպառնալիքը։ Առավել քան երբևէ մենք պետք է համախմբվենք մեր Մայր Հայրենիքի շուրջ՝ փայփայենք, պաշտպանենք ու զարգացնենք այն։ Սա է ապագայի արհավիրքներից խուսափելու գործուն բանաձևը։

Շնորհակալություն ուշադրության համար։    

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: