• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքը Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 107-րդ տարելիցի հիշատակի արարողությանը Ժնև, 24 ապրիլի 2022թ.

24 ապրիլի, 2022
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքը Հայոց Ցեղասպանության  զոհերի ոգեկոչման 107-րդ տարելիցի հիշատակի արարողությանը Ժնև, 24 ապրիլի 2022թ.
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոգեշնո՛րհ Հայր Սուրբ,

Ժնևի նահանգային և քաղաքային խորհրդի հարգարժա՛ն անդամներ,

Հարգելի՛ հյուրեր,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ըստ պատմական վկայությունների, առաջին անգամ Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման արարողությունը տեղի է ունեցել 1919 թ.-ին. այսինքն դեռ այն դժնդակ օրերին, երբ Հայոց ցեղասպանությունը շարունակվում էր՝ մահ ու ավերածություն սփռելով Օսմանյան կայսրության բոլոր այն շրջաններում, որտեղ հազարամյակներ շարունակ ապրել ու արարել էր հայ ժողովուրդը։ Այդ օրերից ի վեր, յուրաքանչյուր տարի մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, աշխարհի տարբեր ծագերում գտնվող Մեծ Եղեռնի բազմաթիվ հուշակոթողներին խոնհարվում են անհամար ծաղիկներ։ Սփյուռքն ինքնին, մեծապես ձևավորված լինելով Մեծ Եղեռնի հետևանքով, կարծես Հայոց ցեղասպանության կենդանի մի վկայություն և հուշարձան է։

Աշխարհի մի շարք երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ին պետական մակարդակով հիշատակում են այն՝ հայ ժողովրդի հետ միասին։ Այնուամենայնիվ, Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման առաջին արարողությունից ավելի քան հարյուր տարի անց էլ մենք շարունակում ենք պահանջել արդարություն, շարունակում ենք պահանջել, որ մի ամբողջ ժողովրդի դեմ իրականացված այս հրեշավոր հանցագործությունը արժանանա համընդհանուր միջազգային ճանաչման ու դատապարտման։

Մեծ ոճրի զոհերի ժառանգների և իրավահաջորդների այս պայքարը չէր լինի, եթե չլիներ ժխտողականության և աղավաղման լայն քաղաքականությունը, որը նաև նսեմացնում է զոհերի տառապանքը և նույնիսկ փորձում է մեղքը բարդել նրանց վրա։ Այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակվում է։ Անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի հետագայում աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար։

Ինչպես Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային վերջերս ուղղված իր զեկույցում գրում է արտադատարանական սպանությունների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողը. «Ինչպես կյանքը, այնպես էլ մահն է անհավասար։ Նրանք ովքեր կյանքի ընթացքում հալածվել են, առավել վտանգված են, քանի որ հավանական է մահվանից հետո էլ նրանց մարմինները երբևէ չնույնականացվեն, չվերադարձվեն հարազատներին և չարժանանան արդարության»։ Նա հավելում է, որ Հայոց ցեղասպանության հազարավոր զոհեր այսպես թաղված են սիրիական անապատում։

Ցավոք, Հայոց ցեղասպանության մասին նման անվանական հղումները դեռ եզակի են միջազգային հարթակներում։ Այնուամենայնիվ, նրանք կան և կավելանան, քանի որ պայքարն անարդարության և ժխտողականության դեմ կանգ չի առնում։

Ի վերջո, մարդկության դեմ գործադրված հանցագործությունների հանդեպ վաղեմության ժամկետ չի կիրառվում, և սա միջազգային իրավունքի հիմնարար նորմ է։ Ուստի, մեզ համար ապրիլի 24-ի կարևորագույն խորհուրդներից մեկն է արդարության վերականգնումը։

Այս պայքարը ստացավ նոր զարկ ու եռանդ Հայոց անկախ պետականության վերահաստատմամբ։ Հայաստանի անկախության մասին Հռչակագիրն աներկբայորեն հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման ժամանակ ողջ հայության կողմից որդեգրվեց «հիշո՛ւմ եմ և պահանջո՛ւմ» կարգախոսը։ Երբ պատկերացնում ենք, թե ինչպես է այսօր աշխարհի տարբեր անկյուններում ողջ հայ ժողովուրդը՝ մի մարմին ու մի ոգի դարձած, հիշում և պահանջում, ապա հավատում ենք արդարության հաղթանակին։

Հավատն է մեր շարժիչ ուժը, հավատը մեր սեփական ուժերի հանդեպ։ Իսկ Մեծ Եղեռնի օրերին ո՞վ կարող էր հանդգնել ու հավատալ, որ հայ ժողովուրդը ոչ միայն կվերապրի, այլև կկառուցի իր անկախ պետականությունը։ Ինչպես իրենց հուշերում գրել են Մեծ Եղեռնի ժամանակակիցները, հայ ժողովրդի ջարդարարները՝ երիտթուրքերը, հոխորտում էին, որ հայերի մասին այլևս պետք չէ խոսալ, քանի որ նրանք արդեն գոյություն չունեն։

Ի հեճուկս այս դիվային պնդման, վերապրելով մեծագույն ողբերգություն և հաղթահարելով աներևակայելի դժվարություններ, հայ ժողովուրդն ուժ գտավ իր մեջ վերընձյուղվելու։ Սա հրաշք էր, որը մենք ինքներս ենք կերտել։ Այսօր մենք հպարտ ենք, որ ունենք անկախ պետություն և բոլորիս սրբազան պարտքն է նեցուկ կանգնել Մեր Հայրենիքին, համախմբվել նրա շուրջ, հզորացնել ու զարգացնել այն։ Սա է հետագա արհավիրքների կանխարգելման ամենագործուն բաղադրատոմսը։

Այսօր Հայաստանի առջև կրկին գոյութենական մարտահրավերներ են ծառացել։ Առավել քան երբևէ դրանց հաղթահարումը պահանջում է համախմբվածություն ու միասնական անխոնջ ջանքեր։

Կարևոր է նաև արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպես նաև առհասարակ աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։

Անկախությունից ի վեր Հայաստանը մեծ ներդրում է կատարում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերում, ներառյալ այստեղ՝ Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում։ Այս տարի Հայաստանի նախաձեռնությամբ ու հեղինակությամբ կոնսենսուսով ընդունվեց ցեղասպանության կանխարգելման հերթական բանաձևը։ 

Հարգելի հայրենակիցներ,

Ապրիլի 24-ին չենք կարող չհիշել ու մեր հարգանքի տուրքը չմատուցել նաև այն մեծ մարդասերներին, ում նվիրումի շնորհիվ Մեծ Եղեռնի օրերին մահվան ճիրաններից փրկվեցին հազարավոր հայեր։ Շվեյցարացի միսիոներների անունները ոսկե տառերով են գրված նրանց շարքերում։ Բեաթրիս Ռոհների, Յակոբ Կյունցլերի, Էնթոնի Քրաֆ-Բոնարի և այլոց ջանքերով է նաև, որ մենք այսօր շարունակում ենք ապրել որպես ժողովուրդ, վայելել անկախ պետություն ունենալու բերկրանքը և տեր կանգնել մեր ազգային իղձերին։ Նաև նրանց շնորհիվ է, որ անցնելով ցեղասպանության արհավիրքի միջով՝ մենք չենք կորցրել հավատը մարդկության ու արդարության վերականգնման նկատմամբ։

Շնորհակալություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: