• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանին

06 ապրիլի, 2022
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ-ի փետրվարի 28-ից ապրիլի 1-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 49-րդ նստաշրջանը: Այն ՄԻԽ պատմության մեջ երբևէ եղած ամենաերկարատև նստաշրջանն էր։ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց ՄԻԽ նստաշրջանին որպես Խորհրդի բյուրոյի անդամ և փոխնախագահ։ Այս կարգավիճակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նախագահեց ՄԻԽ անցած նստաշրջանի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասնակցեց ՄԻԽ բյուրոյի շրջանակներում կազմակերպական ու գործառնական հարցերի շուրջ որոշումների քննարկմանը, կայացմանն ու իրագործմանը։

Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին իր մասնակցությունը բերեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Իր ելույթում նախարար Միրզոյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին՝ առանձնացնելով 2021թ. հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Նա ներկայացրեց Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումները: Նախարարն արձանագրեց, որ վարձկաններ օգտագործելու, արտադատական մահապատիժների, կամայական ձերբակալությունների, բռնի անհետացումների, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի մանդատակիրների հարցումներին Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են պատշաճ պատասխան տալ կամ առհասարակ անտեսել են նրանց հարցադրումները։

Նախարարն ընդգծեց ՄԱԿ և նրա մարմինների անվերապահ, անխոչընդոտ, անարգել հասանելիության կարևորությունը կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից և հանգամանքներից: Նախարար Միրզոյանը կոչ արեց միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում ՄԱԿ մարմինների անվերապահ հասանելիություն ապահովելու համար։ Առանձնահատուկ նշվեց նստաշրջանին Հայաստանի կողմից Ցեղասպանության կանխարգելման մասին ավանդական բանաձևի նախագծի ներկայացման փաստը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ ունեցավ Ժնևում, ներառյալ՝ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Միշել Բաչելետի հետ։

Փետրվարի 28-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսը նվիրված էր Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակին։ Բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԱԿ Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան։ Ցուցահենդեսում ներառված լուսանկարները նվիրված էին ՄԱԿ Հայաստանի անդամակցության կարևոր հանգրվաններին, կազմակերպության շրջանակներում մեր երկրի գործունեությանը և Հայաստանում ՄԱԿ կողմից իրականացված և իրականացվող ծրագրերին։

ՄԻԽ բարձրաստիճան հատվածին հետևած քննարկումների օրակարգում էին ռասիզմի և այլատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, պատշաճ բնակարանային պայմանների, իրավապաշտպանների խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության, կրոնական ազատությունների, մշակութային ժառանգության և այլ հարցեր:

ՀՀ պատվիրակությունը հանդես եկավ ընդհանուր առմամբ 44 ազգային ելույթներով՝ ներկայացնելով Հայաստանի առաջնայնությունները մարդու իրավունքների վերոնշյալ հարցերի շուրջ, անդրադառնալով մեր ազգային մոտեցումներին ու փորձին։ ՄԻԽ նստաշրջանի մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրված էին առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին:

ՄԻԽ օրակարգի ընդհանուր և առանձին քննարկումներում հայկական կողմից ներկայացվեցին Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումները: ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվեց, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասով պարտավորությունների չկատարման, բնիկ հայկական կրոնական ու մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման, դեպի Արցախ միջազգային կառույցների մուտքը խոչընդոտելու, բռնի տեղահանված անձանց իրավունքները ոտնահարելու և հայերի հանդեպ իրականացվող ռասիստական, խտրական վերաբերմունք ու ատելության սերմանելու ադրբեջանական քաղաքականությունը: ՀՀ կողմից անդրադարձներ կատարվեցին նաև Ադրբեջանում հիմնարար ազատությունների սահմանափակմանը, իրավապաշտպանների հետապնդումներին և սպանություններին, հայատյացության ծայրահեղ դրսևորումներին:

Մի շարք ելույթներում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հատուկ բարձրաձայնեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերջին շրջանում Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունները՝ գազի մատակարարման խափանումը, զինադադարի խախտումները, Փառուխ գյուղի ռազմակալումը։ Մանրամասներ ներկայացվեցին Արդարադատության միջազգային դատարանի Ադրբեջանի նկատմամբ ընդունված միջանկյալ որոշումից։ 

Նստաշրջանի ընթացքում Հայաստանը որպես ՄԻԽ պաշտոնական գրություններ շրջանառեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող երեք հայտագրեր, որոնք անդրադառնում էին նաև Սումգայիթի ու Բաքվի հայերի կոտորածներին։

ՄԻԽ 49-րդ նստաշրջանն առանց քվեարկության (կոսենսուսով) ընդունեց Հայաստանի կողմից ավանդաբար ներկայացվող Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Բանաձևը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին Հայաստանի շարունակական և վճռական հավատարմության վկայությունն է։ Բանաձևում ներկայացվում է ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նախկինում գործած ցեղասպանությունների ժխտումը կամ արդարացումը կարող է նպաստել բռնությունների վերսկսմանը։ Բանաձևը խրախուսում է ակտիվացնել հակամարտությունների ընթացքում ռիսկերի վերլուծությունը՝ ցեղասպանության իրականացման հավանականության գնահատման համար, ինչպես նաև կոչ է անում քաղաքացիական հասարակության, կրոնական կազմակերպությունների և առաջնորդների հետ համագործակցությանը:

Բանաձևն անդրադառնում է նոր տեխնոլոգիաների, մասնավորապես, սոցիալական մեդիա հարթակների չարաշահմանը և դրանց միջոցով տարածվող ապատեղեկատվությանն ու ատելության խոսքին: Ի թիվս բանաձևում արծարծված այլ հարցերի, Խորհուրդը որոշեց կազմակերպել միջնստաշրջանային հանդիպում՝ նշելու 1948թ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 75-ամյակը և քննարկելու սոցիալական մեդիա հարթակների դերը և վերջիններիս շահագործումը այն անձանց կողմից, որոնք ձգտում են խտրականության և բռնության հանգեցնող ատելություն տարածել:

Հայաստանն, ի թիվս այլ բանաձևերի, համահեղինակեց կրոնի կամ հավատի ազատության, մշակութային իրավունքների և մշակութային ժառանգության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, իրավապաշտպանների, ահաբեկչության և մարդու իրավունքների, պատշաճ բնակարային պայմանների, ինչպես նաև ազգային, էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԻԽ 49-րդ նստաշրջանի բանաձևերը:

Հայաստանը նաև հանդես եկավ նստաշրջանի բանաձևերի մեկնաբանության վեց ելույթներով, ընդունված բանաձևերում արտացոլված մի շարք հարցերի, այդ թվում՝ հակամարտությունների իրավիճակներում գործող իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության անկախ ազգային ինստիտուտների, մշակութային իրավունքների և ժառանգության պահպանման կարևորության վերաբերյալ։

ՄԱԿ ՄԻԽ հաջորդ՝ 50-րդ նստաշրջանը կմեկնարկի 2022թ-ի հունիսին:

ՄԻԽ նախորդ նստաշրջաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մանրամասներն, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթները հասանելի են հետևյալ հղումով՝ https://switzerland.mfa.am/en/news/։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: