• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ուղերձը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ

03 հոկտեմբերի, 2021
Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Անդրանիկ Հովհաննիսյանի ուղերձը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Հարգելի հայրենակիցներ, 

Այսօր մենք հավաքվել ենք ոգեկոչելու 44-օրյա պատերազմի մեր նահատակներին և խնկարկելու նրանց անմար հիշատակը։

Մեկ տարի առաջ Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Արցախի ու Հայաստանի նկատմամբ առանձնակի դաժանությամբ, անմարդկային և անխտրական հաձակում գործելով թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինվորական թիրախների հանդեպ։ Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ էթնիկ զտման ենթարկել Արցախի տարածքն իր բնիկ հայ բնակչությունից, որպեսզի կարողանա պնդել, որ Արցախ գոյություն չունի, ուստի և չկա նրա ազատ ինքնորոշման իրավունքն իրացնելու անհրաժեշտությունը։

Թշնամին զորեղ էր։ Ադրբեջանը միայնակ չէր համարձակվում հարձակվել Արցախի վրա։ Բազմամիլիարդ սպառազինությունների ձեռքբերումը գուցե ավելացրել էր Բաքվի պատերազմական հռետորաբանությունը, բայց այնքան վստահություն չէր ներշնչել ադրբեջանական բանակին, որ փորձարկի դրանց ուժը ռազմի դաշտում։ Այն դաշտում, որտեղ Ադրբեջանը բազմիցս ձախողվել էր ու պարտություններ կրել։ Այս անգամ թշնամին գոտեպնդվել էր Թուրքիայի ու բազմահազար վարձկան ահաբեկիչների աջակցությունից, բայց Արցախի հերոսական պաշտպանների դիմադրությունը այս անգամ էլ բազմիցս կոտրեց հարձակվող ոսոխի ատամները։ Ավաղ, ուժերն անհավասար էին...

Մեկ տարի առաջ այս օրերին հազարավոր քաջարի ռազմիկներ անմնացորդ, անձնուրաց նվիրվածությամբ պայքարեցին հանուն մեր հայրենի եզերքի և իրենց երիտասարդ կյանքը դրեցին Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։ Նրանք հերոսի փառքով պասակեցին իրենց անունը՝ մինալով հայոց հազարամյա պատմության բոլոր այն նահատակներին որոնց արյան գնով է, որ մենք այսօր ունենք անկախ երկիր ու պետականություն։

Հիշե՛նք նահատակաց և կոչե՛նք ապրողաց։ Մենք՝ ապրողներս, մեր սերունդները պարտք ունենք մեր զոհերի առջև, մենք պետք է արժանի լինենք նրանց հիշատակին՝ պաշտպանելով, շենացնելով ու հզորացնելով մեր երկիրը, լծվելով մեր ժողովրդի իրավունքների ու նվիրական նպատակների իրականացման գործին։ Սա է այս օրվա խորհուրդներից մեկը։ 

Այսօր մեր հրամայական խնդիրն է՝ վերականգնել հայ ժողովրդի վստահությունն իր սեփական ուժերի ու վաղվա օրվա հանդեպ։ Պատերազմի արդյունքում ունենք հազարավոր որդեկորույս ընտանիքներ, ունենք գերիներ, անհետ կորածներ։ Շատ հայ երիտասարդներ վերադարձել են տուն՝ այդ ծանրագույն մարտերի ժամանակ դառնալով հաշմանդամներ։ Հինավուրց հայկական գյուղերն ու քաղաքները բռնազավթվել են։ Հայ ժողովրդին հասցվել են ոչ միայն անդառնալի ֆիզիակական, նյութական կորուստներ, այլև խոր ու ծանր հոգեբանական հարվածներ։ Անցած մեկ տարվա զարգացումները ցույց տվեցին, որ մեր հակառակորդները չեն բավարարվել և իրենց առաջ նպատակ են դրել բռնի ուժի պարտադրանքով կոտրել հայ ժողովրդի կամքը։

Հենց այդ պատճառով է, որ չափազանց կարևոր է պահպանել այն համախմբվածությունը, որ մեր ժողովուրդն ի ցույց դրեց պատերազմի դաժան օրերին։ Նման միասնական ու միահամուռ կեցվածք որդեգրելով է նաև, որ մենք պետք է հաղթահարենք թե՛ անցած պատերազմի ցավն ու դառնությունը, թե՛ բուժենք դրա թողած խորը վերքերն ու կառուցենք մեր վաղվա օրը։

Ողջ հայ ժողովուրդն էր գիտակցում այս պատերազմի ճակատագրական բնույթը՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում լարելով բոլոր ուժերը թշնամու հարձակումներին դիմագրավելու համար։ Շվեյցարահայ համայնքի կողմից այդ օրերին իրականացված հսկայածավալ աշխատանքը արժանի է բարձր գնահատանքի ու արժևորման։ Ադրբեջանի ագրեսիայի, դրա կործանարար հետևանքների ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ Շվեյցարիայի հանրությանը իրականությունը ներկայացնելու համար հայ համայնքի կողմից իրականացվեցին մի շարք ցույցեր ու հանրային այլ ելույթներ, հրապարակվեցին հոդվածներ, կարևոր ու արդյունավետ աշխատանք տարվեց տեղի օրենսդիր մարմիններում։ Հայ համայնքի կողմից հանգանակված գումարն ու մարդասիրական, բժշկական բնույթի օգնությունը էական օժանդակություն ցույց տվեց պատերազմից տուժած շրջաններում ապրող քաղաքացիական բնակչության կարիքները հոգալուն։

Այս աշխատանքները պետք է շարունակվեն։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իր թշնամին ողջ աշխարհի հայությունն է։ Այսինքն՝ մենք բոլորս։ Մեր պատասխանը պետք է լինի միահամուռ ուժերով հայ ժողովրդի հզորացումը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Հայաստանը՝ հայ ժողովրդի հավիտնական միջնաբերդը պետք է լինի փարոս և հպարտության աղբյուր աշխարհասփյուռ հայության համար։

Հայ ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը։ Մենք պատրաստ ենք արժանապատիվ խաղաղության, սակայն մերժելու ենք բռնազավթումը և իրենց պապենական օջախներից մեր հայրենակիցների բռնի արտաքսումը, չենք ընդունելու մեր հետ ուժի դիրքից խոսելու փորձերը, պաշտպանելու ենք Արցախի և համայն հայության կենսական իրավունքները, պահանջելու ենք գերիների վերադարձը, պայքարելու ենք մեր մշակութային ժառանգության պաշտպանության համար։ Մենք առաջնորդվելու ենք  արցախահայության իր հայրենիքում ազատ ապրելու և ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքով։ Սա է արցախահայության գոյատևման երաշխիքը։

Ավարտելով խոսքս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այսօր այստեղ եք։ Սա մեր միասնության և շարունակական աշխատանքի ևս մեկ դրսևորում է։ Ելույթից հետո պատրաստ եմ մտերմիկ զրույցի միջոցով շարունակել մեր ավանդական երկխոսությունը և պատասխանել ձեր հարցերին։ Ինչպես և նախկինում, Հայաստանի դեսպանության դռները մշտապես բաց են ձեր առջև։ Ձեր յուրաքանչյուր գաղափար և նախաձեռնություն կստանա պատշաճ արձագանք մեր կողմից։

Վերջում, առաջարկում եմ, որ միասին սահմանենք, որ մեր նպատակն ու երազանքն է՝ հայ ժողովրդի խաղաղ, արժանապատիվ, բարեկեցիկ և հզոր ապագան։ Եկեք պայմանավորվենք, որ բոլորս միասին ջանք ու եռանդ չենք խնայի այս երազանքին հասնելու համար։ Դա պիտի լինի մեր այսօրվա հանդիպման ամենակարևոր եզրակացությունը։

Շնորհակալություն։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: