• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «Le Temps» օրաթերթին

17 նոյեմբերի, 2022
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «Le Temps» օրաթերթին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

«Ադրբեջանն ատրճանակն ուղղել է Հայաստանի քունքին»

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը

«Le Temps» օրաթերթին

16 նոյեմբերի, 2022թ. Ժնև

 

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները և ակնկալում է միջազգային հանրության միջամտությունը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու համար։

Չնայած մի շարք բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շարունակվում է։ Սեպտեմբերի սկզբին Բրյուսելում երկու երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո, Բաքուն հերթական անգամ խախտեց զինադադարը, որը ստորագրվել էր 2020 թ-ին 6500 կյանքեր խլած պատերազմից հետո։ Ընդհարումները շարունակվում են ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Նոյեմբերի սկզբին Ժնև կատարած այցի ժամանակ Ադրբեջանի փոխնախագահի խորհրդական Էլչին Ամիրբայովը ներկայացրեց իրավիճակի վերաբերյալ իր տեսակետները, ինչից հետո Le Temps-ը հանդիպեց Շվեյցարիայում և Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։

Ինչո՞ւ խախտվեց Ադրբեջանի հետ զինադադարը։

Այն բազմիցս է խախտվել։ Սեպտեմբերին, ադրբեջանական զորքերը մինչև 12 կիլոմետր ներխուժեցին Հայաստանի տարածք։ Հարձակման ենթարկվեցին 36 գյուղեր և քաղաքներ, ինչը 300 զոհի պատճառ դարձավ, որից 210-ը՝ հայ, կան դեռևս 16 անհետ կորած անձիք։

Տեղի ունեցան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ։ Ադրբեջանի զինվորականների նկարած տեսանյութերը ցույց էին տալիս, թե ինչպես են անզեն հայ զինվորներին գնդակահարում։ Բազմաթիվ երկրներ կոչ արեցին Ադրբեջանին զորքերը դուրս բերել և սկսել այդ հանցագործությունների հետաքննությունը։ Ինչո՞ւ հենց հիմա։ Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել և այդ ճանապարհով զիջումներ ստանալ։ Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ երկու տարի առաջ իր երկիրն էր պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Նա ընդգծեց, որ իրենք կրկին պատերազմ կսկսեն, եթե Հայաստանը չբավարարի իրենց պահանջները: Սակայն, այս անգամ Ադրբեջանն իր ատրճանակը ուղղել է Հայաստանի քունքին։ Միջազգային հարաբերություններում դա անվանում են «բանակցություններ զենքի փողի ներքո»։ Հոկտեմբերի 31-ին Սոչիում երկու երկրները ստորագրեցին հայտարարություն՝ կոչ անելով հրաժարվել ուժի կիրառումից։ Մեկ շաբաթ անց, Ադրբեջանի նախագահը հայերին սպառնաց ռազմական նոր էսկալացիայով։ Սա խաղաղության հաստատման ճանապարհը չէ։

Արդյո՞ք դա պետք է դիտարկել որպես ուկրաինական պատերազմում ձեր հիմնական պաշտպան Ռուսաստանի թուլացման հետևանք։

Իրականում, Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների միջև կապ կա։ Տեսնելով, որ աշխարհը հիմնականում զբաղված է Ուկրաինայի հարցով, հնարավոր է, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվարկել են, որ այլ հակամարտությունները կանտեսվեն։ Նրանք ստուգում են միջազգային հանրության արձագանքը։ Մարտին, երբ Ադրբեջանը մեկ ամսով խափանեց Լեռնային Ղարաբաղի գազատարի աշխատանքը, այդ առթիվ մեծ արձագանք չեղավ։ Սեպտեմբերին արձագանքն ավելի ուժեղ էր։ Ադրբեջանական հարձակումը երկու օր անց դադարեց:

Լեռնային Ղարաբաղում 2000 ռուս խաղաղապահ զինվորներն արդյո՞ք դեռ ի վիճակի են պաշտպանել տեղի բնակչությանը։

Նրանց դերը բնակչության անվտանգության համար որոշիչ է։ Այն ռազմական, բայց նաև վերահսկողական ուժ է, որն արձանագրում է հրադադարի խախտումները: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտումներ իրականացնել։ Երբ Բաքուն վերահսկողության տակ է վերցնում որևէ տարածք, այնտեղ հայկական ոչինչ չի մնում: Այդպես էր և՛ 1990-ական, և՛ 2020-ական թվականներին։

Արդյո՞ք Ռուսաստանը բավարար միջոցներ է ձեռնարկում խաղաղությունը վերականգնելու համար

Մենք դաշնակից ենք ՌԴ հետ երկկողմ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, իսկ վերջինս նաև ներառում է նախկին խորհրդային տարածքի որոշ երկրներ։ Փետրվարին Ադրբեջանի նախագահը Մոսկվայում էր՝ Ռուսաստանի հետ դաշինքի հռչակագիր ստորագրելու նպատակով: Ռուսաստանը հանդիսանում է երկու երկրների դաշնակիցը, որն ուժեղացնում է միջնորդի իր դերը։ Այն ընդունվում է մեր երկու երկրների կողմից։

Արդյո՞ք ակնկալում եք, որ ավելի մեծ թվով ռուսական զորքեր կպաշտպանեն ձեզ։

Այս պահին Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերը կատարում են իրենց դերը, բայց Հայաստանի տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար այլ հնարավորություններ ևս կան. մենք առաջարկել ենք ապառազմականացնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները՝ յուրաքանչյուր կողմից 3 կմ-ով։ Սրա միջազգային վերահսկողության անհրաժեշտություն կա։ Առաջարկներ կան ԵՄ-ից, Ռուսաստանից և ԵԱՀԿ-ից։ Ադրբեջանը մերժել է առաջարկը, բայց Հայաստանը միակողմանի հրավեր է ուղարկել։ ԵՄ 40 դիտորդներից բաղկացած առաքելությունն այս պահին գտնվում է Հայաստանում։

Արդյո՞ք եվրոպացիներն ու ռուսները կարող են համագործակցել Մոսկվայի դեմ պատժամիջոցների համատեքստում։

Դա կախված կլինի երկրների ակնկալիքներից։ Ռուսները գտնվում են Լեռնային Ղարաբաղում, իսկ եվրոպացիները՝ Հայաստանի սահմաններում։ Փոխազդեցության եզր չկա։ Կատարյալ տարբերակն այն է, որ այդ ուժերը համատեղ աշխատեն։

Այս պահին քաղաքական բանակցություններ են վարում բազմաթիվ դերակատարներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ և անգամ Շվեյցարիա։ Ո՞րն եք դուք նախընտրում։

Բոլոր այս գործընթացներն ուղղված են մեկ նպատակի՝ խաղաղության հաստատմանը։ Դա է մեր առաջնահերթությունը։ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի նախագահը ժամանեց Հայաստան՝ մեր ժողովրդավարությանը աջակցելու նպատակով։ Տեղի ունեցան նաև բանակցություններ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Էմանյուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, պետքարտուղար Անթոնի Բլինքենի հովանո ներքո։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը (ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը) տարիներ շարունակ բանակցությունների գլխավոր ձևաչափն է եղել և շարունակում է մնալ բանակցությունների հույսը, չնայած Ադրբեջանի գնահատմամբ այդ ձևաչափն այլևս ընդունելի տարբերակ չէ։

Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի մասին։

Թուրքիան, ի տարբերություն Ռուսաստանի, դաշնակից է միայն Ադրբեջանի հետ։ Քաղաքական, ռազմական և բարոյական դաշտում Թուրքիան Ադրբեջանի հետ է։ Անկախությունից ի վեր Հայաստանը փորձում է Անկարայի հետ կամուրջներ կառուցել։ Ն.Փաշինյանի և Ռ.Թ. Էրդողանի հանդիպումը տեղի ունեցավ Պրահայում։ Սակայն, Թուրքիան իր երկկողմ հարաբերությունները մշտապես պայմանավորում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով։ Աշխարհի համար սառը պատերազմը վերջացել է երեսուն տարի առաջ, իսկ Հայաստանի համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները շարունակում են փակ մնալ։ ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ չորս բանաձևեր են ընդունվել, քանի որ Ադրբեջանը դրանք երբեք չի իրականացրել և այսօր էլ չի իրականացնում։ Բանաձևերում Հայաստանը հիշատակվում է միայն որպես Մինսկի գործընթացում բանակցող կողմ։

Նախորդ շաբաթ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել թյուրքական պետություններին ամրապնդել համագործակցությունը։ Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար։

Հայաստանի գնահատմամբ արյունակցական կապերը չպետք է դեր խաղան միջազգային հարաբերություններում։ Մենք հավատում ենք Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնական դերակատարմանը և նրա սկզբունքներին: Թյուրքական պետությունների այս կազմակերպության մի քանի անդամներ Հայաստանի հետ նույնպես ամուր հարաբերություններ ունեն, որոնք սկիզբ են առնում խորհրդային ժամանակներից: Միշտ մտահոգիչ է, երբ որևէ երկիր օգտագործում է էթնիկ կամ կրոնական գործոնը միջազգային հարաբերություններում: Մնում է պարզել, արդյոք սա այդ դեպքն է:

Ցավոք սրտի, Ադրբեջանը փորձում է հենց այդպես գործել, ինչը շատ վտանգավոր է։ Կրոնը երբեք որոշիչ գործոն չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Խնդիրը այնտեղ ապրող հայերի  իրավունքների հարցն է։

Ի՞նչ եք ակնկալում Շվեյցարիայից:

Երբ որևէ երկիր բարդ քաղաքական գործընթացի համար հանդիպման վայր է փնտրում, բնականաբար, առաջին հերթին մտքին գալիս է Ժնևն ու Շվեյցարիան։

Նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը պնդում է, որ Շվեյցարիան այլևս չեզոք չէ՞:

Մենք նախկինում մի քանի անգամ հանդիպել ենք Շվեյցարիայում, դա արել ենք նաև հոկտեմբերի սկզբին և, կարծում եմ, կշարունակենք հանդիպումներն, ըստ անհրաժեշտության:

Ի՞նչ կասեք Շվեյցարիայի և Ձեր երկրի հարաբերությունների մասին։

Շատ լավ հարաբերություններ ունենք։ Մենք սերտ շփումներ ունենք խորհրդարանական դաշտում՝ դաշնային և կանտոնային մակարդակներում։ Բազում պատմական կապեր կան։ Դա վերաբերում է նաև Շվեյցարիայի հայ համայնքին։ Հայկական հիմնական քաղաքական կուսակցություններից մի քանիսը հիմնվել ու գործել են Շվեյցարիայում ավելի քան մեկ դար առաջ։

https://www.letemps.ch/monde/cette-lazerbaidjan-pointe-pistolet-tempe-armeniens

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: