• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի բացման խոսքը Գործարարության խթանման և նորարարությունների օր միջոցառմանը

11 հոկտեմբերի, 2022
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի բացման խոսքը Գործարարության խթանման և նորարարությունների օր միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի բացման խոսքը Գործարարության խթանման և նորարարությունների օր միջոցառմանը

Գյումրի, 11-12 հոկտեմբեր

 

Հարգելի գործընկերներ,

Ողջույներս եմ հղում Գործարարության խթանման և նորարարությունների օրվա բոլոր մասնակիցներին:

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը ուրախ է այս տարի ևս հանդիսանալ այս նախաձեռնության համակազմակերպիչը, մեր գործընկերների՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության, Հայաստանի Նորարարությունների և գործարարության ազգային կենտրոնի, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի և Հայ-Շվեցարական առևտրական պալատի հետ միասին:

Նորարարությունը մարդկության պատմության քառուղիներում միշտ էլ հանդիսացել է զարգացման ու բարգավաճման հոմանիշը։ Դժվար է դրա դերը թերագնահատել նաև ժամանակակից աշխարհում։ Վստահ եմ, որ առաջիկա քննարկումների ժամանակ անդրադարձ կկատարվի համաշխարհային զարգացման վրա նորարարության խաղացած առաջատար դերակատարության մասին։ Բավական է միայն նշել, որ  աշխարհում հրատարակված նորարարության ոլորտին վերաբերող գիտական ​​հոդվածները 2021 թվականին առաջին անգամ գերազանցեցին 2 միլիոնի սահմանագիծը։ Իսկ ոլորտի առաջատար ընկերությունները ավելացրեցին իրենց գիտահետազոտական ու զարգացման ծախսերը գրեթե 10 տոկոսով՝ հասնելով ավելի քան 900 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Այս թվերը բերված են բոլորովին վերջերս, այստեղ՝ Ժնևում հրապարակված գլոբալ նորարարության ինդեքսի զեկույցում։

Նույն զեկույցի համաձայն, Շվեյցարիան տասներկուերորդ տարին անընդմեջ գլխավորում է նորարարության համաշխարհային ցուցակը։ Սա հիրավի տպավորիչ արդյունք է, հատկապես հաշվի առնելով մրցակցությունը այն բոլոր երկրների հետ, որոնք հսկայական ներդրումներ են կատարում նորարարության ոլորտում և գրանցում են տպավորիչ արդյունքներ։ Այս առումով, իհարկե, չափազանց կարևոր է Հայաստանի համագործակցությունը Շվեյցարիայի հետ գիտական առաջընթացի, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման և բազմաթիվ այլ բնագավառներում, որտեղ մեր շվեյցարացի գործընկերները առաջատար դիրքեր են գրավում։ Նորարարության օրը նման փոխգործակցության հարմարավետ հարթակ ու հնարավորություն է ընձեռում։  Վստահ եմ, որ գործարարության խթանման ու նորարարության ոլորտում հայ-շվեյցարական փոխգործակցությունը շարունակելու է առանձնահատուկ տեղ զբաղեցնել մեր հարաբերությունների օրակարգում։

Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարության ոլորտում՝ շնորհիվ գիտության, տեխնոլոգիաների, կրթության, հետազոտությունների, ինովացիոն ենթակառուցվածքների ավանդույթների ու շարունակական զարգացման։ Այս առումով չափազանց կարևոր է նաև հայկական սփյուռքի դերը, որը կապող օղակ է հանդիսանում համաշխարհային նորարարական կենտրոնների ու Հայաստանի միջև՝ միջազգային լավագույն փորձը ներարկելով Հայաստան, ինչպես նաև տրամադրելով ժամանակակից կրթական հնարավորություններ։ Պատահական չէ, որ որոշ վերլուծաբաններ Հայաստանն արդեն կնքել են «Սիլիկոնյան լեռներ» անվամբ, զուգահեռներ անցկացնելով «Սիլիկոնյան հովտի» հետ, որտեղ ի դեպ մեծ թվով հայեր են աշխատում։  

Հայաստանի Կառավարության համար կայուն, գիտահենք ու կանաչ զարգացումը միջոլորտային առաջնահերթություն է: Վերջին տարիներին կյանքի կոչված և ընթացքում գտնվող բազմաթիվ նախագծեր ուղղված են տեխնոլոգիական ոլորտում առաջընթաց ապահովելուն, կրթական ենթակառուցվածքները զարգացնելուն, շուկայի և գործարարության, ինչպես նաև վարչարարության ոլորտում նորարարական լուծումներ ապահովելու մեր նպատակների իրականացմանը:  Գյումրու և Վանաձորի տեխնո կենտրոնները, ինժեներական քաղաքի նախագիծը պետական և մասնավոր հատվածի հաջող համագործակցության արդյունք են: Դրանց շարունակական զարգացման համար առանցքային նշանակություն ունի առաջատար փորձի կիրառումը: Հպարտ ենք նաև մեր հաջողության պատմություններով, օրինակ՝ աշխարհի մի շարք քաղաքներում բացված ԹՈՒՄՈ կենտրոններով: Կցանկանայի այս առումով հատկապես ընդգծել վերջերս Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում բացված ԹՈՒՄՈ կենտրոնը։

Հայաստանը հաստատուն քայլերով բարելավում է նաև ներդրումային միջավայրը, օրենսդրական և վարչարարական ոլորտի բարեփոխումների, առավել մատչելի հանրային ծառայությունների միջոցով: Կարծում ենք, որ մեր երկրի առաջընթացը ժողովրդավարության, թափանցիկության և օրենքի գերակայության հարցերում ևս նպաստում է Հայաստանի նկատմամբ վստահության աճին: 

Մեր ձգտումն ու նպատակն է առավել ճանաչելի դարձնել Հայաստանը, հայկական արտադրանքն ու ծառայությունները ողջ աշխարհում՝ դրանք դարձնելով առավել մրցունակ ու պահանջված: Վստահ եմ, որ կա նման հնարավորություն՝ միասին աշխատելով, որակի բարձր չափանիշներին և կայուն զարգացման ժամանակակից հրամայականներին նորարար լուծումներ գտնելով:  

Խոսքիս վերջում, կցանկանայի մաղթել, որ քննարկումները՝ Նորարարության օրվա շրջանակներում, շոշափելի ներդրում ունենան այս նպատակի իրականացման առանցքում։

Շնորհակալություն:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: