• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «Օրեր» ամսագրին՝ հայ-շվեյցարական հարաբերությունների ու շվեյցարահայ համայնքի մասին

15 նոյեմբերի, 2021
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «Օրեր» ամսագրին՝ հայ-շվեյցարական հարաբերությունների ու շվեյցարահայ համայնքի մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայ-շվեյցարական դիվանագիտական կապերը

Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։ Շվեյցարիայում Հայաստանի առաջին դեսպանը եղել է Զոհրաբ Մնացականյանը (2002-2008թթ.), ով նույն տարիներին վարում էր Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Ժնևում, որը բազմակողմ դիվանագիտության կարևորագույն կենտրոններից մեկն է, անկախության առաջին տարիներից ի վեր հաստատվել էր Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, որի առաջին ղեկավարը եղել է Աշոտ Մելիք-Շահնազարյանը, ապա՝ դեսպան Կարեն Նազարյանը, իսկ հետո՝ դեսպան Զոհրաբ Մնացականյանը։ Նրանից հետո Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր Շառլ Ազնավուրը։ Այդ տարիներին արժանահիշատակ է նաև ՀՀ Մշտական ներկայացուցչության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանի գործունեությունը, որը Ժնևից տեղափոխվեց Փարիզ՝ ստանձնելով Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Նրան փոխարինեց, իսկ դեսպան Ազնավուրի մահվանից հետո մի քանի ամիս գործերի ժամանակավոր հավտարմատարի պարտականությունները կատարեց Անահիտ Հարությունյանը, որն այժմ որպես ՀՀ դեսպան պաշտոնավարում է Կանադայում։

2019 թ.-ի հունիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է Անդրանիկ Հովհաննիսյանը, իսկ դրանից մեկ ամիս առաջ նա արդեն հավատարմագրվել էր Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում՝ որպես Հայաստանի Մշտական ներկայացուցիչ։ 

 

Անդրանիկ Հովհաննիսյան
Շվեյցարիայի Համադաշնությունում  Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, միջազգային կազմակերպություններում
ՀՀ ներկայացուցիչ

 

Մեզ հետ զրույցում դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա վիճակը:

- Հարաբերությունները միշտ դրական ու դինամիկ ընթացք են ունեցել։
Շվեյցարիան մեր տարածաշրջանում բավականին ակտիվ քաղաքականություն է վարում։ Այն հիմնված է Շվեյցարիայի կողմից ավանդաբար դավանվող սկզբունքների վրա՝ ուղղված տարբեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման, խաղաղության ու հաշտության ջանքերի աջակցությանը, ինչպես նաև մարդասիրական առաքելությունների իրականացմանը։ Պատահական չէ, որ ամենահայտնի մարդասիրական կազմակերպություններից մեկը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որը, կարելի է ասել, նման բոլոր կառույցների մայրն է, ստեղծվել է հենց Ժնևում։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Շվեյցարիան ներկայացնում է ԱՄՆ շահերը Իրանում, կամ Իրանի շահերը Սաուդյան Արաբիայում, նմանօրինակ էական դերակատարություն ունի ռուս-վրացական հարաբերություններում։ Այս համատեքստում պատահական չէր նաև շվեյցարական միջնորդությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կանոնակարգելու գործում, որի գագաթնակետն էր Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը։ Ինչպես գիտեք, Թուրքիան վիժեցրեց դրանց իրագործումը, սակայն այդ հարցի վրա չեմ կենտրոնանա, քանի որ մանրամասները բոլորին հայտնի են։ Շվեյցարիայի պարագայում սա ևս մեկ օրինակ էր ցույց տալու այդ երկրի միջնորդական ակտիվությունը մեր տարածաշրջանում։

Հայաստանն ու Շվեյցարիան քաղաքական ակտիվ երկխոսություն են վարում, որի դրսևորումներից մեկը յուրաքանչյուր տարի անցկացվող քաղաքական խորհրդակցություններն են արտաքին գերատեսչությունների միջև։ Խորհրդարանական կապերը ևս բավական աշխույժ են։ Երկու երկրների խորհրդարաններում էլ գործում են բարեկամության խմբեր։
Տնտեսական հարաբերությունների առումով ևս շոշափելի աշխուժություն կա։ Հայաստանի դեպքում առավել մեծ չափերի է արտահանումը, որը հիմնականում պայմանավորված է հանքանյութերով։ Հայաստանի ու Շվեյցարիայի տնտեսական փոխգործակցության հիմնական ճյուղեր են հանդիսանում նաև երկու երկրների համար ավանդական այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գինեգործությունը, ժամագործությունը, դեղագործությունը, զբոսաշրջությունը։ Տնտեսական բնագավառում զգալի է շվեյցարահայ համայնքի ներդրումը, որն ամուր կապեր ունի իր պատմական հայրենիքի հետ։

Շվեյցարիայում կան շատ հաջողակ հայ գործարարներ, որոնք ներդումներ են կատարում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Շվեյցարական Զարգացման և  համագործակցության գործակալությունը երկար տարիներ ի վեր Հայաստանում գործունեություն է ծավալում, մասնավորապես գյուղատնտեսության և կառավարման ոլորտում՝ օգտակար աջակցություն ցուցաբերելով Հայաստանին։ Շվեյցարիան Հայաստանում աջակցության ծրագրեր է իրականցնում նաև ընտրական գործընթացների, կոռուպցիայի դեմ պայքարի, բնապահպանության, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում։

2021 թ.-ին նշվեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանություն տասնամյակը։ Այն կարևոր նպաստ է բերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

2020 թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ Շվեյցարիան հանդես եկավ երկու հայտարարություններով, որոնք կոչ էին անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այս կետերը լիովին համահունչ էին Հայաստանի դիրքորոշման հետ։ Միևնույն ժամանակ, Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև, որը դատապարտեց Ադրբեջանի հարձակումը և ճանաչեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։ Շվեյցարական խորհրդարանում գործող հայ-շվեյցարական բարեկամության խմբի համանախագահները, ներառյալ այդ ժամանակ Շվեյցարիայի խորհրդարանի նախագահը, բազմիցս հրապարակայնորեն դատապարտեցին Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։ Շվեյցարիան նաև մարդասիրական աջակցություն տրամադրեց պատերազմից տուժած ազգաբնակչությանը։  

Հայ և շվեյցարացի ժողովուրդների միջև հարաբերությունները

Դեսպան Հովհաննիսյանի ասելով. «Դրանք ավելի երկար պատմություն ունեն։ Շվեյցարիան հայկական աղբյուրներում նշվում է 15-րդ դարից սկսած։ Մարտիրոս եպիսկոպոս Երզնկացին ճամփորդել է Շվեյցարիայում, և իր ուղեգրություններում գրում է դրա մասին։ Ի դեպ, իմ նախնիներն էլ են երզնկացիներ և ինձ համար հետաքրքիր էր, որ 500-600 տարի առաջ այստեղով երզնկացիներ են անցել։ Բայց հիմնականում հայկական տարրի առկայությունը առավել զգալի է դարձել այն ժամանակ, երբ շվեյցարական համալսարանները սկսել են ծաղկում ապրել։ Հայ երիտասարդությունը սկսել է հավաքվել Լոզանում, Ժնևում և շվեյցարական այլ կարևոր համալսարանական կենտրոններում, որպեսզի բարձրագույն կրթություն ստանա։ Պատահական չէ, որ 19-րդ դարի վերջերին հենց այս երիտասարդությունը հիմնեց մի շարք հայրենասիրական կազմակերպություններ ու քաղաքական կառույցներ։ Հնչակյան կուսակցությունը հիմնադրվել է հենց Ժնևում։ Երկար տարիներ Ժնևում է հրատարակվել նաև Հ.Յ.Դաշնակցության պաշտոնաթերթ «Դրոշակը»։ Ժնևի հայկական գրադարանում պահվում է մի եզակի ցուցանմուշ, որը վերաբերում է Ժնևի հայ ուսանողական խմբակին և թվագրված է 1899 թվականով։ Այսինքն, այդ ժամանակ այստեղ այնքան հայ ուսանողներ են եղել, որ հայկական խմբակ են ունեցել։ Նույն ժամանակահատվածում Ժնևում և Լոզանում բացվում են հայկական դպրոցներ, որոնք սակայն կարճ կյանք են ունենում։

20-րդ դարասկզբին Շվեյցարիայի մի քանի քաղաքներում համերգներով հանդես է եկել Կոմիտասը։ Ի նշանավորումն այդ իրադարձության և Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ, որն անցկացվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, 2019թ.-ի նոյեմբերի 29-ին Ժնևի հանրահայտ «Վիկտորիա Հոլ»-ում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և շվեյցարահայ «Ավետիս» ընկերակցության կազմակերպմամբ անցկացվեց Տիգրան Համասյանի համերգը։

Ուշագրավ է, որ շվեյցարացիները ևս հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Դեռևս 1828 թվականից շվեյցարացի երկու բողոքական միսիոներներ Շուշիում հիմնադրել  են հայկական տպարան, որը մեր տարածաշրջանում երկրորդն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող տպարանից հետո: Արևմտյան Հայաստանում ևս գործել են շվեյցարացի միսիոներներ։ 19-րդ դարի վերջի համիդյան կոտորածների ժամանակ շվեյցարական հասարակության համար նրանք եղել են սկզբնաղբյուր՝ որպես ականատես տեղեկացնելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Նրանց շնորհիվ Շվեյցարիան իր բողոքի ձայնն էր բարձրացրել և ստորագրահավաք կազմակերպել՝ դիմելով երկրի իշխանություններին, որպեսզի կառավարությունը հանդես գա Բարձր դռան առջև և պահանջի դադարեցնել հայկական կոտորածները։ Ըստ վկայությունների, հավաքվել է 454.290 ստորագրություն, ինչը նշանակում է, որ այդ ժամանակվա շվեյցարացի գրեթե ամեն ընտանիքից գոնե մեկ ներկայացուցիչ մասնակցել է այդ ստորագրահավաքին։

Հայոց ցեղասպանության տարիներին հայանպաստ հայտարարություններով հանդես են եկել մի շարք շվեյցարացի քաղաքական գործիչներ։ Արժանահիշատակ են տարբեր տարիների Շվեյցարիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Գուստավ Ադորի և Ջուզեպե Մոտայի այս առումով կատարած հայտարարությունները։ Շվեյցարացի միսիոներների, մասնավորապես Բեաթրիս Ռոհների և Յակոբ Կյունցլերի անգնահատելի ջանքերի շնորհիվ մեծ թվով հայեր են փրկվել սպանդից։ Մեկ այլ շվեյցարացի մեծ մարդասեր Էնթոնի Քրաֆ-Բոնարի ջանքերով Ժնևից ոչ հեռու գտնվող Բենյան ավանում հիմնվում է որբանոց Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերի համար։ Այնպես որ,հայ ժողովուրդը դեռ վաղուց սեփական փորձով է ճանաչելշվեյցարական մարդասիրական ավանդույթները, որոնք այդքանով չեն սահմանափակվել։

Ուշագրավ է, որ Շվեյցարական Կարմիր խաչը 2019թ.-ի համար կարգախոս էր ընտրել Հայաստանի կարիքավորներին տրվող օգնությունը և իր տարեկան գլխավոր միջոցառումն անցկացրեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն պատրիարք Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Երկրորդն ու «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը։ Միջոցառման ընթացքում իրականացված դրամահավաքը ռեկորդային էր կազմակերպության համար և կազմեց շուրջ մեկ միլիոն շվեյցարական ֆրանկ։ Հայաստանի դեսպանությունը ևս ակտիվ մասնակցություն ցուցաբերեց այս միջոցառմանը և հյուրընկալեց դրա նախապատարաստական փուլի ընդունելությունը, որին մասնակցեցին հայ համայնքի և Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները։

Շվեյցարական մարդասիրական աջակցության օրինակ է նաև այն անգնահատելի օգնությունը, որը Հայաստանին հատկացվեց 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո։ Այստեղ մեծ դերակատարություն է ունեցել և մարդասիրական ծավալուն օժանդակություն է ցույց տվել նաև հայ համայնքը։

Հայ համայնքի դերը հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում

Երկրաշարժից տուժածների օգնությունը խթան է հանդիսացել հայ համայնքի միավորման և հայապահպանության համար, քանի որ բազմաթիվ հայեր, որոնք համայնքային կյանքում ակտիվ չեն եղել, երկրաշարժից հետո գիտակցել են, որ պետք է օգնեն իրենց քույրերին ու եղբայրներին Հայաստանում։ Նման միավորման մեկ այլ վառ օրինակ էր 2020թ.-ի Արցախյան պատերազմի օրերին շվեյցարահայ համայնքի ցուցաբերած աննախադեպ աջակցությունը։ Նյութական օժանդակությունից բացի, հայ համայնքը մոբլիլիզացրեց իր ամբողջ ներուժը և ամիսներ շարունակ մարդասիրական ու առողջապահական բնույթի ապրանքատեսակներ առաքեց Հայաստան և Արցախ։ Բացի այդ, հայ համայնքը նաև քաղաքական մեծ ակտիվություն դրսևորեց՝ կազմակերպեց մի շարք տպավորիչ ցույցեր ու երթեր Ժնևում, Ցյուրիխում, Տիչինոյում և այլ քաղաքներում, հանդես եկավ շվեյցարական մամուլում, ռադիոյում և հեռուստատեսությամբ՝ ներկայացնելով պատերազմական իրավիճակի հետ կապված իրողությունները։

Հայաստանն իբրև պետություն և հայերն՝ իբրև ազգ, ինչպե՞ս են ընկալվում Շվեյցարիայում, հարցիս դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը պատասխանում է. «Իմ փորձից կարող եմ ասել, որ այստեղ հայությունն ու Հայաստանը բավական ճանաչված են։ Իհարկե, դա առաջին հերթին շնորհիվ շվեյցարահայ համայնքի մեր հայրենակիցների է, ովքեր բարի անուն ունեն երկրում՝ որպես օրինապահ քաղաքացիներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, գործարարներ, և իրենց նպաստն են բերում շվեյցարական հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Շառլ Ազնավուրի անունը բոլորի շուրթերին է։ Բուն շվեյցարահայ համայնքը համեմատաբար փոքրաթիվ է՝ կազմելով մոտավորապես 6.000 մարդ, սակայն իր ներդրման կշիռը և ծավալը բնավ թվաքանակով չի պայմանվորված։

Հատկանշական է, որ շվեյցարահայ համայնքում քիչ չեն այն հայ որբերի սերունդները, որոնք շվեյցարացիների ջանքերով փրկվել էին Մեծ Եղեռնից և ապաստան ու կրթություն ստացել այստեղ։ Իհարկե, շվեյցարահայ կազմակերպություններն ու անհատները մեծ աշխատանք են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003թ.-ին։ 2018 թվականին համայնքի և հայության համար հիշարժան էր Ժնևի «Հիշատակի լապտերների» այգու հիմնադրումը, որը Հայոց ցեղասպանության ոգեկոչման և հիշատակի գեղագիտական առումով առանձնացող ու յուրօրինակ կոթողներից մեկն է աշխարհում։ Այն կազմված է մի քանի լապտերներից, որոնք խորհրդանշում են Թուրքիայի տարբեր վիլայեթներում կատարված ցեղասպանությունը։ Հայ համայնքը կարողացավ հաղթահարել թուրքամետ ուժերի կողմից բանեցրած մեծ հակազդեցությունը և կառուցել այդ հրաշք համալիրը։ Դա ևս մի հուշարձան է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում։

Շվեյցարահայ համայնքը շատ ուշադիր է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, բազմաթիվ թելերով կապված է հայրենիքի հետ։ Քիչ չեն շվեյցարահայերը, որ Հայաստանում գույք ու բնակարան են ձեռք բերել և տարվա մի մասն անցկացնում են այնտեղ։ Շվեյցարահայերի օգնությամբ Հայաստանը ներկայանում է Շվեյցարիայում կազմակերպվող միջազգային հայտնի ցուցահանդեսներում՝ նվիրված գրքերի ու գրատպության, զբոսաշրջության, գինեգործության ոլորտներին։

Երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը խթանելու է կոչված Հայ-շվեյցարական առևտրաարդյունաբերական պալատը։ ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար այն մի շարք միջոցառումներ է իրականացրել այս ուղղությամբ։ Մասնավորապես, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի նախօրեին Ցյուրիխում ավանդաբար հանդիպում է կազմակերպվում Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների և շվեյցարացի գործարարների միջև։ Հաջողությամբ պսակված համագործակցության մեկ այլ օրինակ է 2021 թ. հուլիսին նորարարության բնագավառում հայ-շվեյցարական սեմինարի կազմակերպումը, որը համատեղ հովանավորել են նաև Հայաստանի ու Շվեյցարիայի դեսպանությունները։

Արժանահիշատակ է նաև շվեյցարահայության ամուր կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։ 2019թ.-ի հոկտեմբերին նշվեց Ժնևի Սուրբ Հակոբ տաճարի 50-ամյակը։ Այդ առիթով այստեղ էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով պատարագ մատուցեց և մասնակցեց այս կարևոր հոբելյանի առթիվ կազմակերպված տոնակատարություններին։ Եկեղեցուն կից գործում է մեկօրյա հայկական «Թոփալյան» դպրոցը և գրադարանը։ Պետք է նշեմ, որ նշված հաստատություններն իրենց հայապահպանական գործունեությունը  ծավալում են մի խումբ նվիրյալների շնորհիվ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հայկական ոգին պահելու ու զարգացնելու համար։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2019 թվականի միջոցառումների շրջանակում Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ «Թոփալյան» դպրոցի ուսուցչական կազմն ու սաները հույրընկալվեցին Հայաստանի դեսպանությունում։ Միջոցառման ընթացքում հնչեցին Հ.Թումանյանի հայտնի ստեղծագործություններից հատվածներ։ Դեսպանությունը հայկական դպրոցի աշակերտներին նվիրեց Թումանյանի հեքիաթների ժողովածուն, որը թարգմանվել էր Ժնևի «Միասին» միության ջանքերով։

Ինչպես աշխարհի շատ համայնքներում, Շվեյցարիայի հայ գաղթօջախն էլ այսօր սերնդափոխություն է ապրում։ Շվեյցարիայի հայերի միությունը ղեկավարում են երիտասարդները։ Հայ ակտիվ երիտասարդությունն աշխույժ գործունեություն է ծավալում Ցյուրիխում, Նոշատելում և այլուր։

Հայաստանի դեսպանությունը փորձում է ամուր պահել կապերը համայնքային կառույցների ու անհատների հետ, ինչը բարդանում է ֆիզիկական հեռավորության պատճառով։ Դեսպանի պարտականությունները ստանձնելուց հետո, ես երեք մեծ հանդիպումներ եմ անցկացրել հայ համայնքի հետ, որոնք բաց էին բոլոր ցանկացողների համար։ Համավարակը որոշակի բացասական ազդեցություն ունեցավ մեր այս աշխատանքի վրա՝ սահմանափակելով մեր անմիջական հանդիպումները։ Այնուամենայնիվ, մենք չէինք կարող համակերպվել այս սահմանափակումների հետ և մշտապես կապ ենք պահպանել՝ օգտվելով նաև ժամանակակից տեխնոլոգիաների պարգևած հնարավորություններից։

Հայ համայնքի հետ Ժնևում կազմակերպված հանդիպումներից մեկը հեռարձակվեց նաև ինտերնետային կապի համակարգով, որի շրջանակներում  ինձ հարցեր ուղղվեցին նաև Շվեյցարիայի այլ քաղաքներից։ Բացի դրանից, զուտ առցանց հանդիպումներ էլ են կազմակերպվել նաև Շվեյցարիայի տարբեր շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների հետ։ ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված սահմանափակումները իրոք որոշակի նոր պայմաններ ու գործելաոճ են թելադրում։ Այնուամենայիվ, և՛ համայնքային կյանքը, և՛ դեսպանության գործունեությունը աշխուժորեն շարունակվում են՝ հարմարվելով նոր պայմաններին։

Ամփոփելով՝ պետք է նշեմ, որ շվեյցարահայ համայնքը, չնայած իր համեմատական սակավաթվությանը, առանց չափազանցության հայկական սփյուռքի գոհարներից մեկն է, որն օրինակելի գործունեություն է ծավալում թե՛ հայապահպանության, թե՛ Մայր Հայաստանի ու Արցախի հզորացման ու զարգացման հարցերում»։              

Շնորհակալություն։

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: