• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը Ժնևի «Արձագանք» ամսագրին

19 մայիսի, 2020

- ՀՀ նախագահի 11 Ապրիլ 2019-ի և 7 Յունիս 2019-ի հրամանագրերով նշանակուեցաք յաջորդաբար՝ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենեակի և այլ միջազգային կազմակերպութիւններու մօտ ՀՀ մշտական ներկայացուցիչ և Զուիցերիոյ Համադաշնութեան մօտ արտակարգ եւ լիազօր դեսպան: Հաճեցէք ներկայացնել ձեր մասնագիտական կրթութիւնն ու դիւանագիտական գործունէութիւնը:

 

Պատասխան։ Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար։ Նաև շնորհավորում եմ Ձեզ և «Արձագանք» պարբերականին տարիներ շարունակ իրականացված հայրենանվեր աշխատանքի համար։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանն ինչպես բարեկամ Շվեյցարիայում, այնպես էլ՝ Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում։ Մինչ այստեղ նշանակվելը, ես ավելի քան քսանամյա դիվանագիտական ծառայության փորձ եմ կուտակել՝ մասնավորապես աշխատելով Դամասկոսում, Վիեննայում և Վաշինգտոնում Հայաստանի ներկայացուցչություններում, ինչպես նաև տարբեր պաշտոններ վարելով Արտաքին գործերի նախարարությունում։ Կրթությունս ստացել եմ Երևանի պետական համալսարանում, նաև վերապատրաստվել եմ Կահիրեի համալսարանում և Բոստոնում գտնվող Ֆլետչերի իրավունքի ու դիվանագիտության դպրոցում։ Պատմական գիտությունների թեկնածու եմ։    


- Թաւշեայ յեղափոխութենէն ետք, ի՞նչ փոփոխութիւններ տեղի ունեցան Արտագին Գործերի Նախարարութեան աշխատակազմի գործունէութեան մէջ:

 

Պատասխան։ Հարկ է նշել, որ Թավշյա հեղափոխությունն ուղղված էր մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված իրական ժողովրդավար հասարակության կառուցմանը։ Բնական է, որ միջազգային ասպարեզում Հայաստանը հետամուտ է լինում այն նույն սկզբունքների ու արժեքների խրախուսմանը, որոնք ընկած են եղել մեր երկրի ժողովրդավարական փոփոխությունների հիմքում։ Հայաստանի դիվանագիտությունն աշխատում է մեր երկրի ինքնիշխանության ու անվտանգության, ինչպես նաև արտերկրում մեր քաղաքացիների ու շահերի պաշտպանության ուղղությամբ։ Արտաքին քաղաքական գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք ինքնիշխանության, համահայկականության ու փոխգործակցության սկզբունքներով։ Այստեղ առաջնային են Հայաստանի պետական շահը, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը և համազգային նպատակները, իրավահավասար ու փոխշահավետ համագործակցությունը միջազգային ասպարեզում։

Հավելեմ նաև, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը զերծ էր աշխարհաքաղաքական կողմնորոշումներից և դրա լավագույն վկայությունն է այն իրողությունը, որ Հայաստանը չկատարեց գլոբալ ուժերի հարաբերակցությունը փոփոխող արտաքին քաղաքական քայլեր և ձեռնամուխ եղավ իր միջազգային հարաբերությունների կառուցմանը ինքնիշխանության սկզբունքի հիման վրա:


- Անցեալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այս տարի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցեցան Դավոսի տնտեսական ֆորումին: Այդ առիթով Զիւրիխի մէջ հանդիպումներ տեղի ունեցան գործարար շրջանակներու հետ: Սոյն եւ նմանօրինակ այլ հանդիպումները որոնք պարբերաբար տեղի կ'ունենան Զուիցերիոյ մէջ, մինչեւ օրս ի՞նչ շօշափելի արդիւնքներ արձանագրած են: 

Պատասխան։ Դավոսի տնտեսական ֆորումն իսկապես մեծ հնարավորություններ է ընձեռում հատկապես տնտեսական ոլորտում համաշխարհային խոշորագույն դերակատարների հետ հարաբերություններ հաստատելու ու ամրապնդելու համար։ Հայաստանը լայնորեն օգտվում է այդ հնարավորությունից։ Դավոսի ֆորումը նաև հնարավորություններ է ընձեռում քաղաքական կապերի համար։ Մասնավորապես, հայ-շվեյցարական հարաբերությունների տեսանկյունից պետք է նշել, որ նախորդ տարի հենց Դավոսում կայացավ Հայաստանի վարչապետի ու Շվեյցարիայի նախագահի հանդիպումը, իսկ այս տարի՝ Հայաստանի Նախագահի ու Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հանդիպումը։ Սրանք կարևոր նշանակություն ունեն մեր երկկողմ հարաբերությունների համար։

Ինչպես նշեցիք, ավանդաբար Դավոսի ֆորումի նախօրյակին Հայ-շվեյցարական առևտրի պալատի ու Հայաստանի դեսպանության ջանքերով Ցյուրիխում տեղի է ունենում հանդիպում շվեյցարացի գործարարների հետ։ Այս հանդիպումները հնարավորություն են ընձեռում անմիջական շփման ձևաչափով ներկայացնել Հայաստանի տնտեսությունը, ներդրումային միջավայրը, բարեփոխումների գործընթացը, իրավական դաշտը. բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են Հայաստանում գործունեություն ծավալող, կամ նման ծրագրեր ունեցող գործարարներին։ Բնականաբար նման հանդիպումները կարևոր են նոր կապեր ստեղծելու, նոր գաղափարներ արծարծելու համար։ Միևնույն ժամանակ շարունակում են գործել նաև Հայաստանի ու Շվեյցարիայի առևտրաշրջանառության հիմնական ավանդական ճյուղերը` գինեգործությունը, ժամագործությունը, ոսկերչությունը, հանքարդյունաբերությունը։ Իմիջիայլոց, նախորդ տարի նշանակալիորեն աճել են Հայաստանից Շվեյցարիա արտահանման ծավալները։ Վստահ եմ նման ձևաչափով հանդիպումները կարևոր տեղ են զբաղեցնում տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շարքում և դրական ազդեցություն են թողնում։    

 

- Որո՞նք են Ժնեւի ՄԱԿ-ի գրասենեակի և այլ միջազգային կազմակերպութիւններու մօտ ՀՀ մշտական ներկայացուցչութեան աշխատանքներու գլխաւոր ոլորտները կամ առաջնահերթութիւնները ինչպէս նաեւ՝ վերջին ձեռքբերումները:

Պատասխան։ Ինչպես հայտնի է Ժնևը հյուրընկալում է մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են շատ կարևոր ուղղություններում միջազգային համագործակցության համադրմամբ։ Որպես ժողովրդավարության ջատագով երկիր՝ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքը։ Այս տարի, առաջին անգամ մեր երկիրն իր ներդրումն է ունենալու միջազգային այս հարթակի գործունեության մեջ՝ որպես լիիրավ անդամ։ Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվեց մրցակցային պայմաններում` շահելով ՄԱԿ 144 անդամ երկրների քվեները, և սա կարևոր ձեռքբերում է մեր երկրի համար, ինչպես նաև նրա միջազգային հեղինակության առհավատչյան է։

Հայաստանը երկար տարիների դրական համագործակցության փորձ ունի ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ։ Վերջին տարիներին այն հատկապես արտացոլվել է Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի օժանդակության համատեքստում։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը առաջին միջազգային կառույցներից մեկն էր, որ իր գրասենյակը բացեց Հայաստանում։ Այն մշտական առաքելություն ունի նաև Լեռնային Ղարաբաղում։ Ընդհանուր առմամբ իմ նշած այս երկու կազմակերպությունները էական դերակատարում ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում։

Հայաստանն իր ուշադրության կենտրոնում է պահում և միջոցներ է ձեռնարկում ընդլայնելու համագործակցությունը նաև այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Միջազգային հեռահաղորդակցության կազմակերպությունը և այլն։

Վերջերս աշխույժ համագործակցություն է ծավալվել ՄԱԿ Առևտրի և զարգացման համաժողովի շրջանակներում, որտեղ նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային քաղաքականության ուսումնասիրության մասին զեկույցի շնորհանդեսը։

Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ժնևի ՄԱԿ գրասենյակում կազմակերպում է նաև հարակից միջոցառումներ և ցուցահանդեսներ` միջազգային հանրությանը ներկայացնելով մեր երկիրը։

     

- 2019-ի հոկտեմբերին Հայաստանը ընտրուեցաւ ՄԱԿ-ի Մարդու Իրաւունքներու Խորհուրդի անդամ՝ 2020-2022 ժամանակաշրջանին համար: Բացի Ցեղասպանութեան կանխարգիլման խնդրին ուղղուած ջանքերուն եւ ձեռքբերումներուն (նկատի ունիմ բանաձեւերի ընդունում) ուրիշ ո՞ր խնդիրներուն շուրջ պիտի կեդրոնացնէք ձեր աշխատանքները սոյն Խորհուրդէն ներս:

Պատասխան։ Իրավացի եք, որ տարիներ շարունակ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը մեծ ներդրում է ունեցել և այսօր միջազգային հանրության առջև ներկայանում է որպես այս ոլորտի առաջամարտիկ։ Մենք հանձնառու ենք այս ուղղությամբ աշխատանքների շարունակմանը, մասնավորապես՝ նոր բռնությունների և հանցագործությունների վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային մեխանիզմների զարգացման գործում, որպեսզի «այլևս երբեք»-ը չմնա զուտ որպես կարգախոս, այլ դառնա իրականություն։ 

Միևնույն ժամանակ, Հայաստանն իր նպաստն է բերել նաև մարդու իրավունքների միջազգային օրակարգի այլ կարևոր խնդիրների ուղղությամբ իրականացվող քայլերում` հանդես գալով որպես նախաձեռնող և կառուցողական կողմ։ Դրանցից են օրինակ քաղաքացիական հասարակության հզորացումը, ինչպես նաև կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությունը, հավասար հնարավորությունների ստեղծումը։ Պատահական չէ, որ նախորդ տարի Հայաստանն ընտրվեց ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021թթ․կայանալիք նստաշրջանների համար։

Հայաստանը մշտապես իր ձայնն է բարձրացրել դատապարտելով խտրականության ու ռասիզմի երևույթները։ Մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում ազգային ու կրոնական փոքրամասնությունների  պաշտպանության հարցերը, մանավանդ այնպիսի ճգնաժամային պայմաններում, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն է։ Մեծ ուշադրություն է դարձվում ատելության խոսքի ու բռնության քարոզչության դեմ պայքարին։

Հայաստանի մոտեցումները մարդու իրավունքների հարցերին խարսխվում են «որևէ մեկին չանտեսելու» համընդհանուր հանձնառության վրա, համաձայն այն սկզբունքի, որ յուրաքանչյուր ոք ունի բոլոր իրավունքներն ու ազատությունները, անկախ որևէ տարբերակումից, ներառյալ՝ իր բնակության տարածքի քաղաքական կամ իրավական կարգավիճակից։ Սա մեր անկյունաքարային մոտեցումն է մարդու իրավունքների միջազգային օրակարգում։

 

- Հայաստանի մէջ նոր իրականութիւններու լոյսին տակ, ի՞նչ միջոցներով կը ծրագրէք զարգացնել դեսպանատուն-համայնք յարաբերութիւնները ու ամրապնդել համայնքի անդամներու կապը Հայաստանի եւ Արցախի հետ:

 

Պատասխան։ Հարկ է նշել, որ շվեյցարահայ համայնքը ավանդաբար սերտ հարաբերություններ է պահպանում թե՛ Մայր Հայաստանի, թե՛ Արցախի հետ, որտեղ շատ շվեյցարահայեր երկար տարիներ է ծավալում են տնտեսական, մշակութային ու բարեգործական լայն գործունեություն։ Նմանապես, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը մշտապես զգում է շվեյցարահայ համայնքի մեծ աջակցությունն ու զորակցությունը։ Ես ցանկանում եմ, օգտվելով առիթից, իմ խորին շնորհակալությունը հայտնել այս ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար։ Իր հերթին դեսպանությունը փորձում է թե ամուր պահել այս ավանդական կապերը, թե հնարավորինս ամրապանդել ու զարգացնել դրանք։ Դեսպանության մշակութային գործունեությունը, համերգների, ցուցահանդեսների կազմակերպումը, համայնքի հետ մշտական կապը, ներառյալ զանազան ձևաչափերով հանդիպումների տեսքով, Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ կազմակերպվող միջոցառումները, մեր փոխգործակցությունը եկեղեցու, դպրոցի, համայնքային կառույցների հետ ծառայում են այս նպատակին։ Ինչպես ես հաճախ կրկնում եմ՝ «Դեսպանության դռները բաց են բոլոր մեր հայրենակիցների առջև»։ Մենք փորձում ենք հնարավորինս բավարարել բոլոր այն հարցումները ու ընթացք տալ այն առաջարկներին, որոնք վերաբերում են թե՛ Հայրենիք-Սփյուռք կապերին, թե՛ մեր գործունեությանը՝ որպես Շվեյցարիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն։ Խնդրում եմ աշխույժ օգտագործել այդ հնարավորությունը։

 

Շնորհակալություն      

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: