Լուրեր

ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակին նվիրված համերգ Ժնևում

11.03.2017

Կից լուսանկարներ

ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակին նվիրված համերգ Ժնևում

Ամբողջ ալբոմ »

 Մարտի 11-ին Ժնևի հայտնի Ալամբրա սրահում տեղի ունեցավ համերգ աշխարհահռչակ դուդուկահար Լևոն Մինասյանի մասնակցությամբ՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակին, որին ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի աշխատակիցներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ 25 տարի առաջ՝ 1992թ. մարտի 2-ին, ՄԱԿ կենտրոնակայանում Հայոց եռագույնի բարձրացումը խորհրդանշում էր երեքհազարամյա պատմություն ունեցող հայ ժողովրդի նորանկախ Հանրապետության լիարժեք վերաինտեգրումն ազգերի մեծ ընտանիքին: Այն նշանավորում էր նաև Հայաստանի հանձնառությունը՝ իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված համերաշխ և խաղաղ ապագա կերտելու միջազգային հանրության ջանքերին:

Դեսպանորդը նաև ընդգծեց ՄԱԿ-ի կառույցների գերակշիռ մասը ներառող ՄԱԿ Ժնևյան գրասենյակի կարևորությունը տարբեր երկրների միջև համագործակցության և երկխոսության ամրապնդման գործում:

Երեկոյի ընթացքում Լևոն Մինասյանի, հայ և օտար երաժիշտների կատարմամբ ներկայացվեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, հայ արվեստի այլ երախտավորների ստեղծագործություններ։ Ֆրանսերեն թարգմանությամբ հնչեցին Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Խաչատուր Աբովյանի բանաստեղծությունները:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր