Լուրեր

Հայ դիվանագետը պարգևատրվել է Ֆրանսիայի բարձր Շքանշանով

16.11.2016

Կից լուսանկարներ

Ֆրանսիայի Մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլիզաբեթ Լորանը հանձնում է Ֆրանսիայի Նախագահի պարգևը դեսպանորդ Տոլմաջյանին

Պարգևի հանձնման հանդիսավոր արարողություն

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 16-ին Ժնևում՝ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանին Ֆրանսիական Հանրապետության` Արժանիքի ազգային շքանշանի (Ordre nationale du Mérite) շնորհման կապակցությամբ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Շվեյցարիայում Ֆրանսիայի դեսպան, մշտական ներկայացուցիչ Էլիզաբեթ Լորենը, Ֆրանսիայի Նախագահի անունից հանձնելով բարձր պարգևը, կարևորեց Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքն՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, որը դրսևորվել է ինչպես Փարիզում՝ Հայաստանի դեսպանությունում, այնպես էլ Երևանում՝ Արտաքին գործերի նախարարությունում, աշխատանքի ընթացքում:

Դեսպան Լորենը դրվատանքով անդրադարձավ նաև Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, Հասմիկ Տոլմաջյանի գործունեությանը՝ ընդգծելով, մասնավորապես, Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի կողմից առաջադրված Ցեղասպանության կանխարգելման բանաձևի միաձայն ընդունման ուղղությամբ գործադրված կարևոր ջանքերը:

Երախտագիտություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Հասմիկ Տոլմաջյանը մեծապես կարևորեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ միջպետական հարաբերություններն ու բարձրագույն իշխանությունների մակարդակով հաստատված քաղաքական սերտ երկխոսությունը:

Պարգևի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ և միջազգային այլ կազմակերպությունների բարձր պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր