Լուրեր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Ժնևում

15.09.2015

Կից լուսանկարներ

"Ֆրագմենտներ" ցուցահանդես

"Ֆրագմենտներ" ցուցահանդես

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ժնևի «Սեն Ժերվե» թատրոնում բացվեց «Ֆրագմենտներ. Հայոց ցեղասպանության արտացոլումը շվեյցարական մամուլում» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված են 1895-1923թթ․ շվեյցարական մամուլում, Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցի շուրջ զարգացումներին նվիրված երեք հազարից ավելի հրապարակումներից ընտրված և արխիվներից վերհանված խմբագրականներ, հրապարակախոսական հոդվածներ, քրոնիկներ, ռեպորտաժներ։

Ցուցահանդեսի բացման իր խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ժամանակակից, խոսուն խորագրերով շվեյցարական մամուլի այս տպագիր վավերագրերը՝ «Մի ողջ ժողովրդի բնաջնջում», «Հայաստանն առանց հայերի», «Մեծ տերությունների ոճիրը», հատկանշական են՝ թուրքական վայրագություններին իրենց ամենօրյա, մանրամասն, ճշգրիտ անդրադարձերով, վերլուծությունների խորությամբ և համակողմանիությամբ։

Ավելի քան հարյուրամյա այդ հրապարակումները լավագույնս են արտացոլում նաև, ի համերաշխություն հայ ժողովրդի, Շվեյցարիայում սկիզբ առած լայնածավալ շարժումը, որի դրսևորումներից էր նաև 1896թ. ներկայացված նշանավոր միջնորդագիրը /պետիցիան/՝ շվեյցարական ժողովրդավարության պատմության մեջ առայսօր անգերազանցելի ռեկորդ հանդիսացող հինգ հայուր հազար թվով ստորագրությամբ՝ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում։

ՀՀ դեսպանության ներկայացուցիչն ընդգծեց Ցեղասպանության միջազգային ճանաչման, անպատժելիության և ժխտողականության դատապարտման, ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման կարևորությունը մարդկության դեմ հետագա ոճիրների կանխարգելման, ինչպես նաև ժողովուրդների հաշտեցման համար։

Նա նշեց, որ այդ նպատակին էր ուղղված Ժնևում, մարտի 27-ին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ Մարդու Իրավունքների խորհուրդի կողմից միաձայնությամբ և 72 երկրի համահեղինակությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը։ Հասմիկ Տոլմաջյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր Ասամբլեան` հիմնվելով Մարդու Իրավունքների խորհուրդի բանաձևի դրույթների վրա, Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված և կոնսենսուսով ընդունված բանաձևով, դեկտեմբերի 9–ը հռչակեց «Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ ոճրի կանխարգելման միջազգային օր»։

Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվելու են մի շարք համաժողովներ, քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ, այդ թվում` «Հայ մամուլը ցեղասպանությունից առաջ և դրանից հետո», «Հայերի վրեժը․ Թեհլերյանի դատավարությունը», «Շվեյցարական օգնությունը հայերին և հայանպաստ շարժումը», «Հայկական և թուրքական արդի մամուլը» թեմաներով:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2015թ.-ի հոկտեմբերի 25-ը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր