• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

24 ապրիլի, 2021
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի՛ Հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը հիշատակի ու ոգեկոչման օր է։ Աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում մեկ և կես միլիոն մեր անմեղ զոհերին, սրբադասված նահատակներին, որոնք զոհ գնացին Օսմանյան Թուրքիայում կազմակերպված և զարհուրելի դաժանությամբ իրականացված Հայոց Ցեղասպանությանը։ Հայ ժողովուրդը հայրենազրկվեց իր բնօրրանի զգալի մասում, որտեղ հազարամյակներով ապրել ու արարել էր։ Մարդկության դեմ այս հանցագործության նպատակը մի ողջ ժողովրդի ոչնչացումն էր. ընդ որում, ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգևոր ու մշակութային առումով։ Պատահական չէ, որ ապրիլի 24-ին հանցագործների առաջին թիրախը հե՛նց մեր մտավորականությունն էր, կրոնական, ազգային ու քաղաքական գործիչները, ուսուցիչները, արվեստագետները, իսկ ցեղասպանությունից հետո, տարիներ շարունակ, հետևողականորեն ու առանձնակի դաժանությամբ ավերվել է մեր մշակութային ու պատմական ժառանգությունը։

Հայ ժողովուրդն իր մեջ ուժ և կամք գտավ, հակառակ իրեն պատուհասած բոլոր արհավիրքների, վերապրելու ու վերընձյուղվելու ի Մայր Հայաստան և ի սփյուռս աշխարհի։ Ավելին, հայ ժողովուրդը պատմական իրողություն դարձրեց հայոց անկախ պետականությունը, որը կանխելու նպատակով էին օսմանյան պարագլուխները ձեռնարկում իրենց հրեշավոր հայակործան ծրագիրը։ Սարդարապատի զանգերն այսօր էլ ղողանջում են բոլորիս համար՝ կանչելով մեզ ամուր ու անսասան պահել Հայաստանի անկախ պետությունը, քանի որ այն  հայ ժողովրդի հավիտենական գոյության անփոխարինելի երաշխավորն է։

Ոգեկոչման այս օրվա կապակցությամբ խորին երախտագիտությամբ անհրաժեշտ է հիշել բոլոր նրանց, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել հայ ժողովրդի բեկորների փրկության գործում։ Շվեյցարացի միսիոներների անունները ոսկե տառերով են գրված նրանց շարքում։ Էնթոնի Քրաֆթ-Բոնարը, Յակոբ Քինձլերը և այլոք փրկել են հարյուրավոր կյանքեր՝ հավատ ու հույս պարգևելով ցեղասպանությունը վերապրողներին։ Նրանց նման մեծ մարդասերների շնորհիվ է նաև, որ այսօր մենք կանք և Ցեղասպանությունից 106 տարիներ անց պայքարում ենք արդարության վերականգնման ու մեր իրավունքների համար։

Յակոբ Քինձլերին իր հոգատարության համար հայ որբերը կոչել էին Պապա Քինձլեր։ Նա ականատես է եղել հայ ժողովրդի տառապանքներին, բայց նաև նկարագրել է ցեղասպան հրոսակների դեմ Ուռֆա քաղաքի հայերի հերոսական դիմադրության օրինակները։

Մեկ այլ մեծ շվեյցարացի՝ Համադաշնության նախագահ Ջուզեպե Մոտտան, վկայակոչելով արդեն Ժնև քաղաքի դիմադրության հերոսներից մեկին, ով մահապատժից առաջ հայտարարեց, որ «ես ոչ թե մահանալու եմ, այլ՝ ապրելու եմ», կոչ էր անում հայ ժողովրդին՝ «դուք ոչ թե մահանալու եք, այլ՝ ապրելու եք և ի կատար եք ածելու Աստծո պատգամը»։ Հանդես գալով Ազգերի Լիգայում Ջուզեպե Մոտտան հայկական հարցը որակեց որպես «Քաղաքակրթության ամոթալի խարան»։

Ազգերի Լիգայի հետնորդ՝ Միավորված Ազգերի Կազմակերպության պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի գնահատմամբ հայ ժողովրդի դեմ հանցագործություններ իրականացրած անձնաց արտահանձնման հանձնառությունը նախադեպ էր հանդիսանում Նյուրեմբերգյան դատավարության համար։

Հիրավի մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման կարևոր հիմնասյուներից մեկն է։ Անկախությունից ի վեր Հայաստանը կարևոր ներդրում է ունեցել այս ուղղությամբ իրականացված միջազգային ջանքերում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը նաև համախմբման օր է։ Օրվա խորհրդի համաձայն, ողջ հայ ժողովուրդը միահամուռ ոգեկոչում է իր նահատակներին և միավորվում է հատագայում նման ողբերգությունները կանխելարգելելու վճռականությամբ։ Այսօր, երբ Մայր Հայաստանը կրկին անգամ կանգնած է ճակատագրական մարտահրավերների առջև, ի դեմս թուրք-ադրբեջանական ոտնձգությունների, նման համախմբումն ավելի քան կարևոր է։    

Բարձր պահելով մեր ժողովրդի անունն ու պատիվը, հավատարիմ մնալով նախնիներից ժառանգած հարուստ հոգևոր ու մշակութային ավանդույթներին, օր-օրի հզորացնելով ու զարգացնելով մեր Հայրենիքը՝ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերին, տոնում ենք կյանքի հաղթանակը մահվան դեմ՝ ի հեճուկս նրանց, ովքեր ցանկանում էին մեզ ոչնչացնել։

Շնորհակալություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: